Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ․ Գևորգ Պապոյան

Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել գնաճի արագացում: Այմասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը։ Տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։

Մի շարք երկրներում եւ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում գները շարունակում են աճել: Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հուլիսի 14-ին հրավիրված հանձնաժողովի արտահերթ նիստում: Ըստ նրա` թեեւ Ազգային ժողովը սահմանել է որոշակի թիրախներ, սակայն իրավիճակի բարելավում չի նկատվում:

Հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Գնաճը, արդի խնդիրները եւ լուծման ուղիները» հարցը: Քննարկմանը ներկա են եղել գործադիր եւ օրենսդիր մարմինների, ինչպես նաեւ գործարար հանրույթի ներկայացուցիչներ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մանրամասն ներկայացրել է գնաճային իրավիճակը մեր երկրում: Ըստ նրա` Կենտրոնական դրամատունն իրականացրել է նպատակադրված ցածր գնաճային քաղաքականություն: Համավարակով պայմանավորված` 2020 թ. վերջից գները բարձրացել են: Երկրորդ գործոնը, որն ազդել է գների աճի վրա` ռուս-ուկրաինական հակամարտությունն է: ԿԲ նախագահի հավաստմամբ` համաշխարհային հացահատիկի շուրջ 30 տոկոսն արտադրում են Ռուսաստանը եւ Ուկրաինան: «Եթե դրսում ցորենի գինը թանկանում է, այն անմիջապես ազդում է մեր գների վրա»,- ասել է ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանը նշել է, որ գնաճը փոխել է նաեւ մարդկանց վարքագիծը. մարդիկ սկսել են ավելի շատ պարենային ապրանքներ գնել: Պահանջարկի բարձրացումը նույնպես նպաստել է գնաճին:

Կենտրոնական դրամատան ղեկավարի հավաստմամբ` ԿԲ-ն 2020 թ. կանխատեսել է գնաճը, այդ պատճառով բարձրացել է տոկոսադրույքը, ինչը որոշ չափով մեղմել է գնաճի արագացումը: «2021 թ. նոյեմբերին գնաճը 9.6 տոկոս էր, սակայն մեր իրականացրած քաղաքականության արդյունքում փակեցինք 7.7 տոկոսով»,- նշել է Մարտին Գալստյանը:

Վերոնշյալ երկրներից ներհոսքի հետեւանքով արտարժույթը նվազել է, իսկ դրամը` արժեւորվել:

ԿԲ նախագահը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առնչությամբ, որ բարձրացել են վարձակալության, ինչպես նաեւ մի շարք ծառայությունների գները, որոնք երկար տարիներ անփոփոխ գներով էին ծառայություն մատուցում: Ըստ նրա` սպառողական զամբյուղի պարենային ապրանքների կեսից ավելիի գները բարձրացել են: Նա նշել է, որ այս հարցում ԿԲ-ն մեծ անելիք ունի եւ առաջին արված քայլն այն է, որ Կենտրոնական դրամատան խորհուրդն անփոփոխ է թողել տոկոսադրույքը:

Մարտին Գալստյանը փաստել է, որ ՀՀ կենտրոնական բանկը գնաճը բերելու է 4 տոկոսի մակարդակի:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը բոլորին` թե’ օրենսդիր ու գործադիր մարմիններին, թե’ գործարար հանրույթի եւ ԶԼՄ ներկայացուցիչներին, հորդորել է հետեւել Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությանը եւ աջակցել կառույցին:

Նա նաեւ նշել է, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրվել է 10.2 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ Կառավարության վարած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 6 ամիսների ընթացքում ավելի շատ հարկեր են հավաքագրվել:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն անդրադարձել է պարենային շուկայի խնդիրներին: Ըստ նրա` շուկան է կարգավորում գները: «Տարածաշրջանային որոշ երկրներ, գնաճը կանխելու նպատակով, փորձել են միջամտել գնային քաղաքականությանը, ինչը հանգեցրել է, այսպես կոչված, սեւ շուկաների ստեղծմանը»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը: Նա նույնպես անընդունելի է համարել արհեստական գնային կարգավորումները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն առաջարկել է սուբսիդավորել արտահանող ընկերություններին, ինչի առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Կառավարությունը կոլեգիալ մարմին է, եւ հարցը նախ պետք է լուծվի գործադիր իշխանությունում, ապա ներկայացվի օրենսդիր մարմնին:

Բանախոսները պատասխանել են նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին: Գնաճի եւ պահանջարկ-առաջարկի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան` ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ վերջին 16 տարվա ընթացքում ԿԲ-ն ամեն ինչ արել է, որ գնաճը մնա 4 տոկոսի սահմաններում, արտահանողների խնդիրների լուծման համար Կենտրոնական դրամատունը շուրջ 300 մլն դոլար է ձեռք բերել շուկայից:

Գեւորգ Պապոյանի հարցն առնչվել է կարագի եւ բենզինի գների բարձրացմանը: ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրել է, որ կարագի գինը վերադարձել է նախկին մակարդակին, իսկ դիզվառելիքի մանրածախ իրացման գինն ավելացել է շուրջ 40 տոկոսով:

Նա կարեւոր է համարել պետության նկատմամբ հանրության վստահության վերականգնումը, ինչի ուղղությամբ կատարվում են բոլոր անհրաժեշտ քայլերը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը շեշտադրել է Կառավարության կողմից կապիտալ ծախսերի լիովին կատարման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը եզրափակիչ ելույթում ՀՀ ԿԲ նախագահին հորդորել է Կենտրոնական դրամատան գործիքակազմի շրջանակում գնաճը բերել միջնաժամկետ հատվածի թիրախին, եւ զսպել բոլոր այն ռիսկերը, որոնք առկա են:

«Պետք է հնարավոր լավագույնն անել տնտեսության համար»,- ասել է Գեւորգ Պապոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել