Ավան է կառուցվելու զինհաշմանդամություն ունեցող անձանց համար․․․կյանքը ճահճանալու է և ճահճից դուրս գալը դժվար է լինելու․ Սիփան Ասատրյան

Հաշմանդամություն ունեցող անձանց առանձնացնելու, մեկուսացնելու իմ տպավորությամբ ամենավատ օրինակներից տեսել եմ Ռիգայում, երբ բանուկ, աշխույժ քաղաքի մի հատված ժամանակին կառուցել էին կույրերի համար։ Այս մասին գրել է Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը։

«Թաղամասը նման էր ուրվական-քաղաքի, որտեղ հեռվից լսվում էր քաղաքի աշխուժության ձայնը միայն՝ մի խուլ գվվոց, ու քայլելով Ուրվականի փողոցներով՝ կարծես զգացողություն էիր ունենում, որ այդտեղ ապրող մարդիկ իրավունք չունեն խառնվելու քաղաքում տիրող եռուզեռին, ապրելու, շնչելու քաղաքի մյուս բնակիչների շնչած օդը։ Որ այդտեղ մութը ավելի շուտ էր ընկնում ու լույսը բացվում էր ուշ, եթե բացվում էր իհարկե…

Թաղամասում գրեթե մարդ չէր մնացել, և ապրելու բնական պահանջն ստիպել էր մանվանդ երիտասարդներին վազել դեպի Ռիգա՝ ապրելու։ Մերթ֊մերթ մի չտեսնող տատիկ կամ պապիկ կամ երկուսը միասին դուրս էին գալիս կյանքի եզրամաս՝ խանութ կամ այլ կենսական խնդիր լուծելու և նրանք էլ այդ ուրվականային պատկերի մի մասն էին կազմում ցավոք. երևի տարիներ էին մաշել այդտեղ…

Հիմա այսօր իմացա որ հերթական թաղամասը, թե ավանն է կառուցվելու զինհաշմանդամություն ունեցող անձանց համար և ՀՀ կառավարությունը կարծես համաձայն է դրան…

Ցավով եմ արձանագրում, որ իմ, ընկերներիս ու հենց իր՝ ՀՀ կառավարության ջանքերն են հօդս ցնդում նման գաղափարներ իրագործելով։ Ներառումը միայն այսպես կոչված «սովորական» հաշմանդամություն ունեցող անձանց համար չէ։ Եվրոպայում, ԱՄՆ-ում հաշմանդամային իրավունքների շարժումների հեղինակներն ու առաջնորդները պատերազմի վետերաններն էին վաթսուն տարի առաջ։

Դուք պատճառ եք բերում, որ «քաղաքային և գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքները, ինչպես նաև բնակելի շենքերն ու տները հարմարեցված չեն անվասայլակով տեղաշարժին, ուստի հասկանալի է, որ վերը նշված վնասվածքներով տղաները կենցաղում ունենում են բազմաթիվ խնդիրներ», իսկ մենք ասում ենք՝ հասկանալի է, նույն դժվարություններն ունենում են տասնյակ հազարավոր հաշմանդամություն ունեցող անձինք, որ ապրում են նույն համայնքներում՝ տղաների հետ։ Ծախսեք այդ գումարները այդ համայնքների ենթակառուցվածքների հարմարեցման համար, և դրանցից կօգտվեն բոլորը։

Դուք ասում եք, որ «վերոնշյալ վնասվածքներ ունեցող բազմաթիվ զինվորներ դիմել են բարեգործական հասարակական կազմակերպությանը, որպեսզի իրենց համար կառուցվեն հարմարեցված տներ։ Տղաներն առաջարկել են ստեղծել բնակելի ավան, որը լիովին կհամապատասխանի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձի պահանջներին», մենք ասում ենք՝ ասեք տղաներին, որ մեկուսացումը լուծում չէ, որ իրենք պետք է մնան իրենց համայնքներում, պայքարեն իրենց և մյուսների իրավունքների համար, որ մաս պետք է դառնան ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց համայնքին և շարժումներին, որ իրենց տները և համայնքները ևս կարող են հարմարեցվել իրենց կարիքներին, ինչպես որ օրինակ, Երևանի քաղաքապետարանը մի փոքրիկ ծրագրի շրջանակում մի քանի տուն հարմարեցրեց նրանց համար (հուսամ՝ ծրագիրը շարունակական կլինի)։

Ասեք նրանց, որ կհոգնեն մի օր մեկուսացումից, ինչպես որ Գյումրիի թաղամասերից մեկում մեկուսացված հաշմանդամություն ունեցող անձանցից շատերն էին հոգնել երկրաշարժից հետո և համաձայն էին ապրել բարձրահարկ շենքի ամենավերին հարկերում, միայն թե լինեին բոլորի հետ, բոլորի մեջ, բոլորի մասը…

Ասեք նրանց… ինչ կուզեք ասեք, բայց թող հասկանան, որ առանձնանալով իրենց ու հասարակությանն են վնասում, որ առանձին կյանք ստեղծելով, թեպետ այդ հարմարավետ փոքրիկ տարածքում, կյանքը ճահճանալու է և ճահճից դուրս գալը դժվար է լինելու, տասնյակ անգամ դժվար։ Իսկ որքա՞ն հեշտ է ճահիճ մտնելը…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել