Ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթի նախագծի համաձայն՝ Ոստիկանությունը հանդիսանալու է նախարարությանը ենթակա մարմին, որը բաղկացած է լինելու ոստիկանապետի ուղիղ ենթակայության տակ գործող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից և աջակցող ստորաբաժանումներից:
Այդ մասին «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ նախագծի ընդունումից հետո, երբ կամբողջանա ոստիկանության կառուցվածքը, նախատեսվում է իրականացնել այդ ստորաբաժանումների խնդիրների և գործառույթների, իրականացվող աշխատանքների ծավալի, անձնակազմի և թվի հարաբերակցության աուդիտ, որի արդյունքում կորոշվեն դրանց ենթակառուցվածքային ստորաբաժանումները և դրանց անձնակազմի քանակը, կվերացվի գործառույթների կրկնությունը, և կբացառվի Ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթների նախատեսումը՝ դրանց գործունեությունը համապատասխանեցնելով ժողովրդավարական պետություններին բնորոշ մասնագիտացված պրոֆեսիոնալ կառույցի չափորոշիչներին:
Արա Ֆիդանյանն ընդգծեց, որ ոստիկանական զորքերի վերակազմակերպումը ոստիկանության համար ևս առաջնահերթություն է համարվում:
«Մեկնարկած բարեփոխումներով նախատեսվում է ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, որի գործունեությունն այլևս չի կանոնակարգվի ռազմական և ԶՈՒ օրենսդրությամբ: Ըստ մեր պատկերացումների՝ նախատեսվում է որոշ մարզերում նույնպես ստեղծել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ»,- ասաց նա:
Արա Ֆիդանյանը ծառայության գրավչության ապահովման և համակարգը կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու առումով ընդգծեց ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացման և սոցիալական երաշխիքների ընդլայնումը:
«Պետք է փաստել, որ նոր ձևավորվող պարեկային ծառայության Երևանի և Լոռու, Շիրակի մարզերի ստորաբաժանումների ծառայողներն արդեն իսկ ստանում են բարձրացված չափերով աշխատավարձեր: Ամբողջ հանրապետությունում նախատեսում ենք աշխատանքներ իրականացնել պարեկային ծառայողներին և ոստիկանության մյուս ծառայողների աշխատավարձերի աստիճանական համահարթեցման ուղղությամբ: Հարցի հետ կապված՝ Ոստիկանության կողմից իրականացվել են ֆինանսական վերլուծություններ»,- նշեց Ֆիդանյանը: