ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը գրում է.
«Նախօրեին Նիկոլի և Էրդողանի կայացած զրույցում բացի դիվանագիտական արտահայտություններից, փոխադարձ շնորհավորանքի թեման խորհրդանշականություն է պարունակում, իսկ Թուրքիան ու իր եղբայր Ադրբեջանը պատերազմից սկսած այդ խորհրդանշականությանը մեծ տեղ են հատկացնում։ Թուրքերի համար մեծ տոն համարվող կուրբան բայրամի ավարտի վերջին օրը (այս տարի ավարտվում է հուլիսի 12-ին) Նիկոլը շնորհավորում է Թուրքիայի առաջնորդին։ Կուրբան բայրամը զոհաբերության, առաջին հերթին զոհաբերության տոն է: Այդ օրերին թուրքական քաղաքներում ահասարսուռ պատկերներ են լինում, արյան գետեր, որին անդրադառնում է նույնիսկ միջազգային մամուլը (լուսանկարներից մեկը կցվում է)։
Ու 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիային նոր ցեղասպանության մեջ մեղադրող Նիկոլը հենց զոհաբերության տոնի վերջին օրը նույն պատերազմում մեր հազարավոր զոհերի մեջ մեղադրվող Էրդողանին շնորհավորում է զոհաբերության տոնի առիթով։ Փոխարենը՝ Էրդողանն էլ Վարդավառն է հիշում, որ նշվելու է հուլիսի 24-ին։ Հատկանշական է՝ Էրդողանն անգամ թուրքահայ համայնքին երբեք այդ առիթով չի շնորհավորել, հիմա հիշում է ժողովրդական տոնը։
Նիկոլի պաշտոնական կայքն այն ներկայացնում է ավելի ընդրգրկուն. իբր Էրդողանը շնորհավորել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Էրդողանի պաշտոնական կայքում կրոնական տարրը բացակայում է, ուղղակի նշվում է` Վարդավառ։
Թուրքերն ու ադրբեջանցիները խորհրդանիշ շատ են սիրում։ Պատերազմն էլ սկսեցին խորհրդանշական օր, կապիտուլացիոն համաձայնագիրն էլ ստորագրեցին խորհրդանշական օր (Ադրբեջանի դրոշի օրը)։ Հիմա էլ հեռախոսազրույց, որի ընթացքում Նիկոլը թուրքերին շնորհավորում է զոհաբերության օրվա առիթով։
Իսկ այսօր արդեն օր առաջ սահմանը բացելը, համաձայնությունները կյանքի կոչելը ողջունող Փաշինյանը 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային Ժողովում հայտարարում էր՝ «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի հայերի դեմ իր ցեղասպան քաղաքականությունը: Բնականաբար, այս համատեքստում, իհարկե, ցեղասպանության հարցը եւ 44-օրյա պատերազմը կապվել են միմյանց հետ»։
Պարզվեց՝ ցեղասպանի առաջ այսօր արդեն ինքն է դարպաս բացում, թուրքերի այդքան սիրած զոհաբերության տոնի օրերին։
Բայց Նիկոլը զոհաբերության սեղանին թուրքերի առաջ հիմա դնում է ոչ թե ինչ-որ մի կենդանի, ինչպես անում են Թուրքիայում, այլ՝ սեփական Հայրենիքը:
Հ.Գ. այս տողերը շարադրելիս դժվարությամբ եմ ինձ զսպում, որ այլ բառամթերք չօգտագործեմ: Կար ժամանակ, որ Էրդողանի հետ այլ տոնով, բառերով ու դիրքից էինք, էի խոսում…»։