«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին և գրառմանը կից լուսանկարներ տեղադրել․
«Շնորհավորում եմ պատգամավորներ Հայկ Մամիջանյանին և Տիգրան Աբրահամյանին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի և քարտուղարի պատասխանատու պաշտոններում առաջադրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ այս բարդ ժամանակահատվածում դուք պատվով կկրեք ձեր ուսերին դրված մեծ պատասխանատվությունը»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։
Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը։
Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։
Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։
Այս համատեքստում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել եւ մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ։
Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ հետեւողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները։