Եգիպտոսի քաղաքացիների համար դյուրացվում է Հայաստանի մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 11-ից Եգիպտոսի քաղաքացիների համար պարզեցվում է վիզային ռեժիմը։ Մասնավորապես, Եգիպտոսի քաղաքացիներն այլևս ՀՀ ոստիկանության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից տրված հրավերի կարիք չեն ունենա։ Այսպիսով, վերոնշյալ օրվանից Եգիպտոսի քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել անմիջապես Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ դիվանագիտական ներկայացուցչություն։
Եգիպտոսի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի համար դիմել էլեկտրոնային վիզաների համակարգի միջոցով https://evisa.mfa.am/։
Դրանից բացի, Եգիպտոսի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանի սահմանային հսկողության ցանկացած կետ ժամանելուն պես, եթե ունեն կացության կարգավիճակ կամ վիզա՝ հետևյալ երկրներում. ԵՄ անդամ պետություններ, Շենգենյան գոտու երկրներ, ԱՄՆ, Ավստարալիա, Նոր Զելանդիա, Կորեայի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Կանադա, Ռուսաստան, Ճապոնիա, Սաուդիան Արաբիա, Քուվեյթ, ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Օման։