Չավուշօղլուն պատասխանել է․«Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այսօր Թուրքիայի արտգործնախարարը բառացի հայտարարել է․ «Հայաստանում ծայրահեղական խմբավորումները հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ»։
Չավուշօղլուն, ըստ էության, այսօր բացահայտել է, որ հայկական կողմը ներկայացնողների հետ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք չեն իրականանում, քանի որ Երևանի փողոցներում կա շարժումը։
Սա ամենակարևոր արձանագրումն է նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր հարցնում են․ «լավ, ի՞նչ են տալիս այս հավաքներն ու երթերը»։
Բոլոր մեր այդ հայրենակիցներին մենք համբերատար պետք է կարողանանք բացատրել մի պարզ ճշմարտություն՝ բազմահազարանոց հավաքներն ու երթերը հիմա Հայաստանի համար կենսական են՝ մեր արածը նվազագույն անհրաժեշտն է։
Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել միայն հավաքներով՝ ոչ։
Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել առանց այսպիսի հավաքների ու երթերի՝ դարձյալ ոչ։
Հենց այս պայմաններում է, որ փողոցում սեփական դժգոհության արտահայտությունն առանց չափազանցության վերածվում է Հայրենիքի փրկության»,-նշել է նա։