Սահմանվում է երկու հարյուր հազար դրամ տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար. ՊԵԿ նախագահի տեղակալ

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ի արտահերթ նիստում:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Նախագծի նպատակն է հարկային մարմնին հնարավորություն ընձեռել, որպեսզի ընթացիկ հսկողության գործիքակազմով (մասնավորապես, հսկիչ գնման ուսումնասիրությամբ) պատշաճ հսկողություն սահմանվի նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն նախատեսել շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչների կողմից խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում կիրառել պատասխանատվության միջոց:

Սահմանվում է երկու հարյուր հազար դրամ տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները, բացահայտումը եւ կանխարգելումը կատարել հարկային վարչարարության ընթացիկ հսկողության գործիքակազմով, շտկել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում առկա վրիպակը:

Պատգամավորների հարցերը հիմնականում առնչվել են ոլորտի խնդիրներին:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները օրենսդրական փաթեթին տվել են դրական եզրակացություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել