Մեղադրվում են կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու, դրոշմանիշներ կեղծելու մեջ

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է կեղծ խմիչքներ պատրաստելու և իրացնելու, դրոմանիշներ կեղծելու կամ իրացնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Թ.Ավետիսյանը ձեռք է բերել 250 լիտր կեղծ կոնյակ, որի մի մասը` 43 լիտրը, իրացրել է տարբեր անձանց: Մնացած կեղծ կոնյակի մի մասը շշալցրել է տարբեր տեսակի կոնյակների շշերում, դրանք խցանափակել, փակցրել կեղծ ակցիզային դրոշմանիշներ և իրացրել: 

Ըստ նախաքննության տվյալների` Թ.Ավետիսյանը կեղծ ակցիզային դրոշմանիշները ձեռք է բերել Հ.Գալենտերյանից: Վերջինս էլ թվով 600 հատ կեղծ ակցիզային դրոշմանիշներ ձեռք է բերել «Սուրմալու» տոնավաճառից, որոնցից 490 հատն իրացրել է Թ.Ավետիսյանին:

Համաձայն քրեական գործի նյութերի` Թ.Ավետիսյանը կեղծ խմիչքը ձեռք է բերել Ա.Ավետիսյանից, ով 2012թ. ապրիլից մինչև նույն թվականի դեկտեմբերի 20-ը տնայնագործական պայմաններում կոնյակի և օղու սպիրտները ջրի հետ միախառնելու և դրանց կաղնու կտորներ ավելացնելու միջոցով պատրաստել է 600 լիտր կեղծ կոնյակ, որից 250 լիտրն իրացրել է Թ.Ավետիսյանին, իսկ 240 լիտրը` այլ անձանց: 

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Թ.Ավետիսյանին և Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հ.Գալենտերյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել