Կառավարության հունիսի 30-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի և մայրության նպաստի բարձրացում։
«Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասն կխոսենք։ Կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Նախատեսվում է, որ 68 հազար դրամից նվազագույն աշխատավարձը դառնա 75 հազար դրամ»,-հայտնեց վարչապետը։
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ժողովրդագրական ծրագրերի փոփոխությունները. «Գիտեք, որ 2020 թվականին որոշում կայացրեցինք, որ գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տրամադրում էինք նպաստ, այդ թվում՝ չաշխատողներին: Իսկ աշխատող մայրերին գյուղական բնակավայրերում կրկնակի ավելի էինք այդ նպաստը տրամադրում, քաղաքում կամ Երևանում՝ միայն աշխատողներին: Հիմա մենք ինչ որոշման ենք հանգել: Մենք հանգել ենք նրան, որ առաջինը՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք՝ 28600 դրամից պետք է դառնա 30700: Հաջորդը՝ մենք պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան՝ երեխայի խնամքի նպաստ տանք: Այսինքն՝ անկախ բնակավայրի, քաղաքային թե գյուղական բնակավայրերից է, անկախ նրանից աշխատող է, թե չաշխատող է: Իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին կրկնակի չափով այդ նպաստը վճարել, ինչը նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից այդ նպաստը կստանան արդեն 61400 դրամի չափով»:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև գիտության ֆինանսավորումը 6 մլրդ դրամով ավելացումը և նշել. «Ուզում եմ հիշեցնել, որ ընթացիկ տարում մենք գիտության ֆինանսավորումը 82 տոկոսով ավելացրել էինք, ևս 6 մլրդ եթե հաշվենք, ստացվում է, որ 2 տարվա մեջ մենք Հայաստանում գիտության ֆինանսավորումը, ըստ էության, կրկնապատկել ենք»:
Անդրադառնալով տնտեսական աճին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Ամենակարևոր նորությունը, կարծում եմ, նա է, որ մենք, ըստ էության, հիմա արդեն, ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, 7 տոկոս տնտեսական աճն արդեն ավելի իրատեսական ենք համարում, որովհետև ես արդեն ասացի, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 տոկոս է, բայց մեր թիրախը 7 տոկոսն է: Ավելի լավ է՝ մենք առաջիկա 5 տարում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ունենանք, քան որոշ տարիներին ավելի, որոշ տարիներին պակաս: Ազդակներ կան, որ մենք, իսկապես, կարող ենք հասնել այս նպատակին: Եվ նաև պիտի ասեմ, որ մեր առևտրաշրջանառության ցուցանիշներն են դա ցույց տալիս: Նախորդ տարվա համեմատ Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է»:
Ամփոփելով՝ վարչապետը Միջնաժամեկտ ծախսերի ծրագիրը դրական է գնահատել և հորդորել է կառավարության անդամներին կենտրոնալ և առավել արդյունավետ աշխատել: