Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է հերթական բռնագաղթը. Գևորգ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԱԳԱՂԹԸ: Հերթական, որովհետև Արցախի այդ բնակավայրերում հիմնականում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, որոնք ունեն նաև Ադրբեջանի քաղաքացիություն: Ընդ որում, 1989-92 թթ., լինելով ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, ի պաշտոնե ինքս եմ որոշակի մասնակցություն ունեցել փախստականների բնակեցման գործընթացին:

Հիմա, ինչպե՞ս կարելի է շրջանցել միջազգային իրավունքի տարրական նորմերը և իրավական ուժ չունեցող ինչ-որ միակողմանի պարտավորություններ հիշեցնող «հայտարարություն» կոչվածից (ի դեպ՝ սա չի վերաբերում ՌԴ-ին և Ադրբեջանին, քանզի իրենց սահմանադրությունների հիմքով դա իրավական ուժ ունի) բխեցնել այդ մարդկանց հերթական անգամ փախստական դառնալու պահանջ: Տարրական հարց. ի՞նչ կապ ունի Հայաստանը՝ Արցախի օրենսդրությամբ իր վարչատարածքային միավոր կազմող բնակավայրերից մարդկանց բռնությամբ տեղահանելու և Արցախի այլ վայրերում վերաբնակեցնելու ապօրինի նախաձեռնության հետ:

Հ.Գ. 1989 թ. գլխավոր դատախազ, երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի հետ հրավիրված էինք Թբիլիսի, որտեղ խորհրդային պաշտոնյաները փորձում էին պարտադրել, որ մենք իբր միջոցներ ձեռնարկենք և վտարենք փախստականներին Քյարքիից: Մեր պատասխանն էր՝ դա ադրբեջանցիների տարածքն է, բնակիչներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, ուստի մենք որևէ իրավասություն չունենք և չենք էլ պատրաստվում միջամտելով աջակցել, և խնդիրը փակվեց, իսկ ադրբեջանցի կոլեգաների վիճակն էլ չնկարագրեմ:

Հ.Գ. Եթե ղեկավարվում եք հայտարարություն կոչվածով, ապա ղեկավարվեք ճշգրիտ, իսկ դրանում հստակ ամրագրված է. «Ներքին տեղահանված անձինք և Փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» (7-րդ կետ): Հիշե՛ք, այդ գրասենյակը, իր ներկայիս լոյալությամբ անգամ, երբեք թույլ չի տա մասնակիցը լինել այդ բնույթի ապօրինի գործընթացների …»։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ի առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի հատվածում երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն համայնքները, որոնք չեն գտնվել ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ՝ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ (Բերձոր, Աղավնո, Սուս- խմբ․)։

«Նախնական ըմբռնում կա, որ Լաչինի միջանցքի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի։

Երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն նոր երթուղու նկատմամբ»,-ասել է Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել