Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 29-ին, արտահերթ նիստ է գումարել։ Քննարկվում Գլխավոր դատախազի ընտրության հարցը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուին, ով Աննա Վարդապետյանն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ իրավական հարցերով։
«Իմ կարծիքով՝ մասնագիտական բարձր որակները՝ տիկին Վարդապետյանի, ամրանում են նաև այն բարձր բարոյական հատկանիշներով ու մարդկային որակներով, որոնք անհրաժեշտ են նշված պաշտոնում համապատասխան ձեռքբերումներ ունենալու համար։
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ այս պաշտոնին է հավակնում կին թեկնածուն և ես մտածում եմ, որ դատախազության նոր կերպարը, դատախազություն, որը նախևառաջ կոչված է ապահովել իրավունքների վերականգնումը և պահանջել արդար դատի իրականացում՝ հենց կարող է մարմնավորել տիկին Վարդապետյանը»,-իր խոսքում ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Աննա Վարդապետյանի սկզբունքայնությունը, նվիրվածությունը, արժեքային մոտեցումը՝ թե՛ ժողովրդավարության, թե՛ իրավունքի գերակայության պահպանման նկատմամբ, որևիցե պարագայում, որևիցե մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել։
«Մասնագիտական այն որակները, հատկապես քրեաիրավական ոլորտում, որոնցով օժտված է թեկնածուն՝ թույլ է տալու վերջինիս ոչ միայն ապահովել դատախազության առօրյա գործունեությունն ու ապահովել այն անհրաժեշտ բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարին համահունչ դատախազական վերահսկողության համակարգ ունենալու և, ըստ էության, արդարադատության ոլորտին մեծ, նոր իմպուլս հաղորդելու, այլ նաև մեծ նշանակություն է ունենալու ընդհանրապես գուցե նաև գիտակրթական ոլորտում բարեփոխումենր իրականացնելու համար»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Նա նաև նշեց, որ Աննա Վարդապետյանն աշխատում է 7/24 սկզբունքով՝ չվախենալով աշխատանքից, պատասխանատվությունից, աշխատանքի ծավալից։
«Տիկին Վարդապետյանը կարող է իր մեջ համատեղել լավագույն պրոֆեսիոնալի, արտակարգ տեսաբանի և գործնական լավագույն հմտություններ ունեցող անձի բոլոր հատկանիշները։ Հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են դատախազական գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։
Աննա Վարդապետյանի կենսագրությանը ծանոթացեք այստեղ։