Կրթության և գիտության նախարարի հրամանը տողադարձի կանոնների մասին

Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով սամանվել են  «Տողադարձի մասին» կանոնները:

Որոշումը ուժի մեջ է մտել 2003 թվականի փետրվարի 13-ին և գործում է մինչ օրս:

Տ Ո Ղ Ա Դ Ա Ր Ձ Ի  Մ Ա Ս Ի Ն

Տողադարձի գործող կանոնների առանձին անորոշություններն ու անճշտությունները վերացնելու և դրանցում ճշգրտումներ ու լրացումներ կատարելու նպատակով ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը սահմանում է տողադարձի հետևյալ կանոնները.

1. Տողադարձը հիմնականում կատարվում է՝ բառը վանկերի բաժանելով (վանկատմամբ), ըստ որում`

ա) երկու ձայնավորի միջև եղած մեկ բաղաձայնը անցնում է հաջորդ տողը. օրինակ` ա-շա-կերտ, գա-րուն, բա-նա-կա-յին, դա-սա-րան, լե-գե-ոն, կա-տու, հե-քի-աթ.

բ) երկու ձայնավորի միջև եղող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տողն է անցնում միայն վերջին բաղաձայնը. օրինակ` ար-ձան, բուր-ժու-ա-կան, բեր-րի, Աստ-ղիկ, Արծ-վիկ, թարգ-ման, բարձ-րա-նալ, երկ-դի-մի, ա-ռանցք-ներ:

Քանի որ հայերենի յա, յո, յու երկբարբառակերպ վանկերի յ բաղադրիչի և նրան նախորդող բաղաձայնի միջև ըչի արտասանվում, ուստի յ-ին նախորդող բաղաձայնը կամ բաղաձայններից վերջինը կարող է նաև նրան միացած անցնել հաջորդ տողը` առաջացնելով տողադարձի երկակիություն. օրինակ` անկ-յուն//ան-կյուն, արդ-յոք//ար-դյոք, գոչ-յուն//գո-չյուն, գիտութ-յուն//գիտու-թյուն, կոն-յակ//կո-նյակ, Հակոբ-յան//Հակո-բյան, հոբել-յար//հոբե-լյար, մատ-յան//մա-տյան, սեն-յակ//սե-նյակ, ուխտ-յալ//ուխ-տյալ և այլն: Տողադարձի այս երկակիությունը չի պահպանվում երկարա-կյաց, կնքա-զգյաց (կնքազգեստ), բյուրա-բյուր, ամենա-հյուրասեր, ան-հյուրընկալ, լեռնա-գյուղ, ոսկե-հյուս, սառցա-ձյուն, քարա-սյուն, խեղա-թյուրել ու նման բաղադրություններում, որոնց սույն վանկային կամ արտասանական և բառակազմական տողադարձումները նույնական են:

Բառամիջի ձայնավորից առաջ ընկած և-ը տողադարձի ժամանակ գրվում է եվ, և վ-ն անցնում է հաջորդ տողը. օրինակ` Երե-վան, բարե-վել, սե-վաթույր, տերե-վաթափ:

2. Գաղտնավանկ, այսինքն` արտասանվող, բայց չգրվող ը ունեցող բառերի տողադարձի ժամանակ ը-ն գրվում է միայն տողավերջի և հաջորդ տողի սկզբի վանկերում. օրինակ` շըղ-թա, կը-տըրտել, կտըր-տել, Մը-կըրտիչ, Մկըր-տիչ, երբե-մըն, գըլ-խավոր:

Այսպես նաև՝ փոխաառյալ օտար բառերում՝ էլեկ-տըրական, էլեկտը-րական, մաես-տըրո, մաեստը-րո (//մաեստ-րո), ֆոքս-տըրոտ, ֆոքստը-րոտ (//ֆոքստ-րոտ):

Անշեշտ և թույլ արտասանվող ը ձայնավորը գրական արտասանությամբ առավելապես սղվում, իսկ ժողովրդական արտասանությամբ և բանաստեղծական խոսքում հաճախ պահպանվում է` առաջացնելով արտասանության և տողադարձի երկակիություն՝

ա) բառասկզբի ը գաղտնավանկին հաջորդած վերջնավանկի ի կամ ու ձայնավորը շեշտային հնչյունափոխության ենթարկված հետևյալ կրկնաբաղաձայն բայերում` զը-նը-նել//զըն-նել, խը-ծը-ծել//խըծ-ծել, խը-տը-տել//խըտ-տել, կը-ծը-ծել//կըծ-ծել, պը-տը-տել//պըտ-տել, փը-թը-թել//փըթ-թել, քը-թը-թել//քըթ-թել, քը-նը-նել//քըն-նել, այսպես նաև` մը-րը-րիկ//մըր-րիկ, խըր-տը-նել//խըրտ-նել և այլն.

բ) վերջնավանկի ի-ն մե՜կ սղած, մե՜կ ը ի հնչյունափոխած բազմավանկ այլ բառերում` աղջը-կա//աղջ-կա, արճը-ճի//արճ-ճի, խըն-դը-րել//խընդ-րել, կարմը-րել//կարմ-րել, մարմը-նի//մարմ-նի, քըր-տը-նել//քըրտ-նել և այլն.

գ) պատճառական ցն (ցր) և երկու բաղաձայնից հետո վ ածանց ունեցող կրավորական բայերում` թռցը-նել//թըռց-նել, խաղացը-նել//խաղաց-նել, մերկացը-նել//մերկաց-նել, մոտեցը-նել//մոտեց-նել, վազեցը-րել//վազեց-րել, փախցը-րել//փախց-րել, զըս-պը-վել//զըսպ-վել, թըր-ջը-վել//թըրջ-վել, կազմը-վել//կազմ-վել, տանջը-վել//տանջ-վել և այլն:

Զբ, զգ, շտ, սպ, ստ և նման հնչյունակապակցություններով սկսվող հատուկ անունների տողադարձի ժամանակ այդ հնչյունակապակցությունները հաջորդ ձայնավորից չեն անջատվում, որպեսզի հատուկ անվան գրությունը, ի տարբերություն հասարակ անունների, ը-ով չսկսվի. հմմտ. ըզ-բաղվել, ըզ-գույշ, ըշ-տապել, ըս-պասել, ըս-տանալ, բայց՝ Ստե-փան, Սպար-տակ, Ստրաս-բուրգ և ոչ թե` Ըս-տեփան, Ըս-պարտակ, Ըստ-րասբուրգ:

3. Բարդ և նախածանցավոր բառերը կարելի է տողադարձել նաև առանց վանկատման` հաջորդ տողը փոխադրելով արմատը կամ ամբողջական բառը, այսինքն` կարդալիս պահելով բառի վանկային ճիշտ արտասանությունը՝ ոչ միայն կարելի է գրել` արա-գընթաց, գեր-խըն-դիր, ա-նօգուտ, ա-նորոշ, հա-կազդել, ծո-վեզր, գե-տափ, ինք-նիշխան, համազ-գեստ, համ-րընթաց, վայ-րէջք, մե-կընդմեջ, երեսու-ներկու և այլն, այլ նաև՝ ըստ բառակազմության՝ արագ-ընթաց, գեր-խնդիր, ան-օգուտ, ան-որոշ, հակ-ազդել, ծով-եզր, գետ-ափ, ինքն-իշխան, համա-զգեստ, համր-ընթաց, վայր-էջք, մեկ-ընդմեջ, երեսուն-երկու:

Բառակազմությամբ կամ բաղադրիչներով տողադարձված բառերի՝ նախորդ տողի վերջնավանկի և հաջորդ տողն անցնող արմատի սկզբնավանկի գաղտնավանկ ը-ն չի գրվում. օրինակ` ան-վնաս, ապա-շնորհ, արև-մտյան, բացա-տրական, գրա-քննիչ, դարա-գլուխ, դիմա-դրել, երկնա-սլաց, լեռնա-բնակ, կարգա-դրում, հակա-կղերական, համա-կրանք, հաշվե-տվություն, հեծ-կլտոց, հեղա-շրջում, ճըռ-ճռան, նախա-դրյալ, շարա-դրել, չարա-ճճի, վազ-վզել, վառ-վռուն, փայլ-փլել, փոխ-գնդապետ, քաշ-քշել, ապա նաև` ակն-կալել, ակն-դետ, հոտն-կայս, ձեռն-տու, ունկն-դրել և այլն: Այսպես նաև՝ փոխառյալ օտար բառերում՝ ցինկո-գրաֆիա, դիա-գրամ, պոլի-գրաֆիա, մելո-դրամա, բջջա-պլազմա և այլն:

Որոշ բացառություններում հաջորդ տողն անցնող արմատի սկզբնավանկի ը-ն սղվում է, ուստի բառը տողադարձվում է միայն ըստ վանկատման. օրինակ՝ գայթակ-ղել, գերբ-նական, համալ-սարան, մասնակ-ցություն և այլն:

Եթե բարդ բառի` նախորդ տողում մնացող հնչյունափոխված բաղադրիչը գաղտնավանկ ը-ից բացի այլ ձայնավոր չունի, ապա տողավերջում այդ գաղտնավանկի ը-ն գրվում է. օրինակ` դռըն-բաց, ձկըն-կուլ, մթըն-կա, մկըն-դեղ, այսպես և` գըռ-գռալ, ճըռ-ճռոց, թըր-թիռ, մըր-մուռ և այլն:

4. Տառային և վանկատառային հապավումները չեն տողադարձվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել