Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց «Սիլվայի գործով» քննությունը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը երկրից ժամանակավորապես բացակայելու միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը քննելու է օրվա վերջում։
Այս մասին հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Դատարանը պատրաստվում էր շարունակել ապացույցների հետազոտումը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ միջնորդություն ունի, որի բավարարման արդյունքում դատարանը կարող է հանգի նրան, որ հրապարակայնորեն չի կարող հետազոտել գործի հիմքում ընկած ապացույցները։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի կարծիքով, հրապարակվելիք ապացույցներն այդ միջնորդության հետ կապ չունեն։
Նշենք, որ խոսքը գնում է նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից հավաքագրված ապացույցները անթույլատրելի ճանաչելու միջնորդության մասին։ Դատավորը որոշեց անդրադառնալ միջնորդությանը Արմեն Գևորգյանի միջնորդությունը քննարկելուց առաջ։
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ նախագահող դատավորը շարունակում է խախտել քրեադատավարական իրավունքի նորմերը։
Պաշտպան Խուդոյանը հայտարարեց, որ դատավորի գործողություններից տպավորություն է ստեղծվում, որ նա արդեն իսկ կողմնակալ մոտեցում ունի ներկայացվելիք միջնորդությունների նկատմամբ։ Նա հիշեցրեց դատավորին, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված անթույլատրելի ապացույցները գործում չեն կարող օգտագործվել։
Պաշտպանական կողմը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգիրքը ենթադրում է, որ ապացույցը չի կարող հանրային դառնալ, եթե այն անթույլատրելի է։
Ի վերջո պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց «իրեղեն» ապացույցները հետազոտել դռնփակ դատական նիստին։ Դատարանն անցավ դռնփակ ռեժիմին։