«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է աշնանային նստաշրջան․ այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ բովանդակային առումով նախագծի վրա այլևս աշխատելու կարիք չկա:
«Այժմ աշխատում եմ մի քանի կարևոր օրենսդրական նախաձեռնությունների վրա, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ անվտանգություն, երթևեկություն, անգամ՝ աղմուկ։
Մեկ այլ շատ կարևոր օրենսդրական նախաձեռնություն է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, ներկայումս ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից նախնական մշակված «Ծովային օրենսդրությունն է»(ստեղ գուցե ժպտաք, ասեք՝ մեզ ծով որտեղի՞ց, բայց դրանից առաջ խորհուրդ կտամ ուսումնասիրել միջազգային իրավունքը և փորձը):
Ըստ այդմ, եկել եմ ասեմ, որ եթե կլինեն նեղ ոլորտային մասնագետներ կամ փորձագետներ անկախ ոլորտից՝ տնտեսագետ, միջազգային իրավունքի մասնագետ կամ իրավաբաններ, ովքեր ցանկություն կունենան հասարակական հիմունքներով իրենց ներդրումն ունենալ ինչ-որ չափով, ես այդ աջակցությունից ոչ միայն չեմ հրաժարվի, այլ անչափ շնորհակալ կլինեմ, որպեսզի անվտանգային ոլորտի այս կարևոր նախագիծը մշակենք միասին»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գաբրիելյանը հայտնել էր, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծով․
- Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան:
- Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։
- Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
- Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:
- Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:
- Հստակեցվում են զենքի տեսակները:
- Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:
- Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
- Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:
- Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։
- Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։