Եռօրյա այցով գտնվում էինք Արցախում: Ուզում եմ ձեզ հետ կիսվել մեր այցելության մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք հանդիպումներ ունեցանք Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Պետք է փաստել ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանի հայտարարությունը, որտեղ հստակ ամրագրված էր այն բոլոր կարմիր գծերը, որոնք Արցախի ողջ քաղաքական դաշտի դիրքորոշումն է: Արցախի բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ իրենց տեղից, դիրքից, քաղաքական ու անձնական տարաձայնությունների, այս հարցում միասնական են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսով և սպասարկող չկա ու չի լինելու»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ իրենք արձանագրել են՝ Արցախի և Հայաստանի հարաբերությունները խարխլված են:
«Այդ ամեն ինչը կառուցված է երկու մարդու վրա. Արցախի նախագահի և Հայաստանի վարչապետի աթոռին կառչած մարդու վրա: Արդեն երկու տարի է Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստեր չեն գումարում: Արցախի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները պաշտոնական հանդիպումներ չեն ունենում: Սա այն է, ինչ շարունակ բարձրաձայնում ենք, որ Հայաստանի իշխանությունները իրենց ձեռքերը լվանում են Արցախից: Մենք դա թույլ չեն տալու»,- ասաց նա:
ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Արցախի գործընկերների հետ իրենք պայմանավորվել են, որ առաջիկայում «Դիմադրություն» շարժման խորհուրդներ կձևավորվեն նաև Արցախում: