Ուզում եմ երկխոսություն ունենալ այն քաղաքացիների հետ, որոնք դեռ տանն են կամ անտարբեր: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Եկեք մի քանի բան միասին դիտարկենք: Հարց առաջին. օրվա իշխանությունները ինչ էին խոստանում Արցախի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Օրվա իշխանությունները ասացին, որ Արցախը Հայաստանն է և վերջ, դրանից հետո բերեցին ողբերգություն, բայց ձեզ խոստացան, որ Շուշին ու Հադրութը դեօկուպացիա են անելու: Խոստացան, որ Արցախի ինքնորոշման իրավունքից նահանջ չեն անելու և Մինսկի ձևաչափը պահպանելու են: Ժողովուրդ ջան ձեզ խաբել են: Այս մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի Արցախից հրաժարվեն»,- ասաց նա:
Վերջինս անդադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ասաց, որ օրվա իշխանությունները խոստացել էինք, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, բայց խաբել են:
«Արդեն իրենք էլ են ընդունում, որ թուրքը նախապայմանններ է դրել հայի առաջ: Այս բոլոր հարցերից հետո էլ ինչու եք տատանվում: Այս իշանությունը բերել է աղետ և շարունակելու է այդ կերպ: Ձեզ խոստանում են, որ գալու է խաղաղության դարաշրջան, բայց դուք գիտեք, որ նոյեմբերի 9-ից հետո ամեն օր ձեզ վախեցրել են մեզնով և պատերազմով: Ըստ պաշտոնական տվյալների մենք արդեն ունենք 124 զոհ»,- ասաց նա: