Ես գնամ պառլամենտում ի՞նչ անեմ․ Արթուր Վանեցյան

Խորհրդարանը կլքի ոչ միայն Արթուր Վանեցյանը, այլ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմով «Հայրենիք» կուսակցության անդամները։

Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։

««Պատիվ ունեմ» խմբակցության անվանումը կպահպանվի, ուղղակի դրանում ներկայացված չեն լինի «Հայրենիք» կուսակցության անդամները։ Ես անկուսակցական պատգամավորներին կամ նրանց, ովքեր հետագայում կարող են անցնել նաև Ազգային ժողով՝ այդ հրաժարականների դեպքում, ասել եմ, որ նրանք ազատ են իրենց որոշումների մեջ․ այսինքն կարող են մնալ և կարող են չմնալ»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը նշեց, որ այս փուլում պատգամավորական մանդատն իր համար այն արդյունավետ գործիքը չէ, որը կարող է օգտագործել իրենց հիմնական նպատակին հասնելու համար։

Անդրադառնալով այն հարցին, որ փողոցային պայքար ծավալած մյուս պատգամավորները վերադառնում են Ազգային ժողով՝ նշելով, որ ժողովուրդն է իրենց տվել այդ մանդատը, Արթուր Վանեցյանն ասաց, որ ժողովուրդն իրենց տվել է մանդատ՝ այս իշխանություններին վռնդելու համար։ «Ինձ չի տվել իմ ընտրողը մանդատ, օրինակ՝ «Սնդիկի մասին» օրենքը քննարկելու։ Ինչքան էլ դա շատ կարևոր օրենք լինի, մենք մեր խորհրդարանում ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունների համար նրանց զինվորական համազգեստով անվտանգության ծառայողներն ամբիոնից ուղղակի վերցնում ու դուրս են շպրտում։ Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են իրենց թվաքանակով իշխող խմբակցության պատգամավորները լկտի պահվածք ցուցաբերում մնացածի նկատմամբ։ Մենք ականատես ենք եղել, որ իրենք որևէ կառուցողական աշխատանք չեն կարողանում տանել։ Ես գնամ պառլամենտում ի՞նչ անեմ»,-ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ իր կուսակցությունն ունի իր օրակարգը և առաջ է շարժվելու այդ օրակարգով։

Խոսելով վերջին ամիսներին տարած փողոցային պայքարի մասին՝ նա նշեց․ ««Դիմադրություն» շարժումն ունեցել է որոշակի հաջողություններ։ Այո, ունեցել է նաև որոշակի բացթողումներ, ինչի արդյունքում այս փուլում չի հասել իր վերջնական արդյունքին։ «Դիմադրություն» շարժումն առնվազն այս փուլում կանխել է հնարավոր ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերը, կանխել է մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը տեսել է՝ երբ իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ իրենք հայ ժողովրդի անունից կարող են ստորագրել ցանկացած թուղթ, այսօր «Դիմադրություն» շարժումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող գնալ միակողմանի զիջումների, չի կարող Հայաստանը տանել երկրորդ կապիտուլյացիայի։ Դա փաստ է և սա արձանագրված է։ Ինչու՞ չհաջողեց, ես չեմ համարում, որ չհաջողեց։ Սա համազգային շարժում է, սա ղարաբաղյան երկրորդ շարժման պես մի շարժում է, որ անպայման հասնելու է իր նպատակին։ Ես շատ լուրջ եմ դա ասում»։

Ֆեյսբուքյան իր էջում նա նաև գրել է․ «Ես քաղաքական ուժի ղակավար եմ, որը որոշել է այլ ուղով շարժվել։ Ես ունեմ իմ օրակարգը, նրանք՝ իրենցը։ Կա որոշակի տարբերություն, որը ժամանակը ցույց կտա»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Արթուր Վանեցյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով․ ««Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։

Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել