Հայաստանում լայնորեն շրջանառվում է ինչպես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտը, որը կիրառելի է միայն Հայաստանի տարածքում, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard), «Վիզա» (Visa), «Ամերիքան Էքսպրեսս» (American Express) քարտերը, որոնք կարող եք օգտագործել արտասահմանում, ինչպես նաև արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս: ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից:
Վճարային քարտերի հետ կապված մի շարք մանրամասներ Iravaban.net-ը տեղեկանում է Abcfinance.am-ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Այսպիսով՝ քարտի հետ միասին բանկի աշխատակիցը կտրամադրի քարտը, դուք ինքներդ կարող եք այն որոշել: PIN կոդը մուտքագրում եք բանկոմատի միջոցով քարտը ակտիվացնելու ժամանակ: PIN կոդը չորս նիշ է, որը դուք պետք է հիշեք և ոչ մեկին չասեք: PIN կոդը մուտքագրելիս պետք է ձեռքով ծածկել ստեղնաշարը, որպեսզի ոչ ոք չկարողանա տեսնել այն: Առհասարակ, բանկոմատից օգտվելիս զգուշացեք այլոց հայացքներից։
Ավելի լավ է քարտից գումար հանել ձեր բանկի բանկոմատից: Այլ բանկերի բանկոմատներում գրեթե միշտ ստիպված կլինեք վճարել միջնորդավճար:
Քարտի հետևի մասում գրված է CVC/CVV կոդը՝ հիմնականում երեք գաղտնի թվանշան: Ոչ մի դեպքում ոչ մեկին չպետք է ցույց տալ կամ թելադրել այդ թվերը։ Այն անհրաժեշտ է առցանց գնումների ժամանակ վճարելու համար:
Ձեր հեռախոսի կոնտակտների ցանկում անհրաժեշտ է ավելացնել բանկի թեժ գծի հեռախոսահամարը: Այն գտնվում է քարտի հետևի մասում: Իսկ քարտի հետ կապված ցանկացած անհասկանալի իրավիճակում անհրաժեշտ է զանգահարել այդ հեռախոսահամարով։
Անհրաժեշտ է SMS ծանուցումները միացնել քարտին եւ նշել, թե որքան գումարից բարձր գործարքների դեպքում եք ցանկանում ստանալ ծանուցում։ Այնուհետև դուք կստանաք հաղորդագրություններ քարտի բոլոր գործարքների մասին, որոնք կգերազանցեն այս սահմանաչափը: Կտեսնեք, թե գնման համար որքան գումար է գանձվել քարտից, և որքան գումար է մնացել քարտի վրա։ SMS ծանուցումները վճարովի են, բայց դուք կարող եք չխնայել այդ գումարը, քանզի այս ծառայության միջոցով դուք հստակ կիմանաք, թե երբ և որքան գումար է գանձվել ձեր քարտից։
Եթե դուք ծանուցում եք ստանում անհասկանալի գնման մասին, պետք է անմիջապես զանգահարեք բանկ և խնդրեք թեժ գծի օպերատորին բացատրել, թե ինչ գնման մասին է խոսքը: Հնարավոր է, որ խաբեբաները թիրախավորել են ձեր հաշիվը: Այս դեպքում քարտը պետք է արգելափակվի: Օպերատորը ձեզ կասի, թե ինչպես դա անել: