Հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը ձայնագրություն է հրապարակել, որն արվել էր ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման ժամանակ:
Ձայնագրության հրապարակման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ:
-Պարոն Օրբելյան, ձայնագրության հրապարակումից ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք։ Ի՞նչ ազդեցություն այն կունենա:
-Այս խնդրին մի քանի շերտեր կան: Մեկը՝ պարոն Վարդազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն է, որի շրջանակներում ինքնին ձայնագրությունը ազդեցություն չի կարող ազդեցություն ունենալ: Ինչ վերաբերվում է ձայնագրության այլ հետևանքներին, այստեղ տեսնում եմ ինչպես կարգապահական, այնպես էլ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր: Դրանք պետք է ուսումնասիրվեն՝ պահպանելով անձանց անմեղության կանխավարկածը, բայց, եթե գործընթացային տեսանկյունից դիտենք, ապա տվյալ դեպքում Գլխավոր դատախազը պարտավոր է դիմել ԲԴԽ-ին՝ ստանալու համաձայնություն՝ հարուցելու քերական գործ, այլ ոչ թե ուղարկել Քննչական կոմիտե՝ գործ հարուցելու հիմքերը պարզելու համար:
-Որքա՞ն է հավանական, որ նման գործ կհարուցվի:
-Եկեք հիմա գուշակություններ չանենք: Երեկ արդեն դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ուղարկել են նյութերը Քննչական կոմիտե: Բայց ես հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազը պարտավոր էր դիմել ԲԴԽ՝ ստանալու համաձայնություն՝ հարուցելու քրեական գործ և մեղադրանք առաջադրելու Գագիկ Ջհանգիրյանին:
Գլխավոր դատախազությունը հայտարարել է․ «ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա»:
Այնուհետև գործը ուղարկել քննչական մարմին՝ գործի քննության համար, ոչ թե գործը հարուցելու հիմքերը պարզելու համար: Արդեն իսկ դա չի կատարվել, արդեն իսկ տեսնում եմ խնդիր: Ի՞նչ գործողություններ կկատարվի՝ չգուշակենք: Քաղաքացիները տեսնում են, գնահատում են: Չբացառենք, որ չի հարուցվի, հնարավոր է՝ հարուցվի:
-Ձայնագրությունից կարելի է ենթադրել, որ Գագիկ Ջհանգիրյանը իր լիազորությունները չարաշահել է։ Ինչո՞ւ նման լուրջ փաստեր ունենալով Ռուբեն Վարդազարյանը ավելի վաղ չի հրապարակել գաղտնի արված ձայնագրությունը:
-Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ինչու է հրապարակել, ինչու հենց այդ օրը հրապարակեց ոչ թե ուրիշ օր: Ես իրավասու չեմ և ընդհանուր առմամբ չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, որ պատասխանեմ:
-Ի՞նչ իրավական հետևանքներ կարող է ունենալ Վարդազարյանի համար գաղտնի արված ձայնագրության հրապարակումը:
-Նման ձևի ձայնագրությունը քրեադատավարական իմաստով չի համարվում խախտում: Խնդիր է առաջանում, երբ գաղտնալսում են 3-րդ անձի: Երբ անձը ձայնագրում է իր մասնակցությամբ խոսակցությունը, դա պատասխանատվության ենթարկելու որևէ հիմք չի կարող տալ: Ուրիշ հարց է, որ այդ ձայնագրության քրեադատավարական ապացույց հանդիսանալու արժեքը պետք է գնահատվի՝ կապված մի շարք հանգամանքների հետ: Այն ամբողջությամբ իրավաչափ է, առնվազն ՀՀ քրեական օրենսգրքիր և դրան տված Վճռաբեկ դատարանի լույսի ներքո:
-Պարոն Օրբելյան, դուք ե՞րբ եք իմացել ձայնագրության գոյության մասին:
-Բուն ձայնագրության տեքստին ծանոթացել եմ ասուլիսի նախորդ օրը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը ձայնագրությունը հրապարակելուց առաջ ասաց, որ դա իր կյանքում կայացրած ամենաբարդ որոշումներից մեկն է եղել, մինչև հիմա չի հրապարակել, որովհետև սպասել է, որ խորհուրդը ողջամիտ կգործի և ծայրահեղ քայլերի չի դիմի․ «Այն ցինիզմը, որը տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում, ինձ թույլ է տալիս այսօր հրապարակեմ ձայնագրությունը։ Ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով, ես շատ լավ իմացել եմ, որ գնում եմ հանդիպման և խնդրել եմ ձայնագրեն իմ և Ջհանգիրյանի խոսակցությունը»։