Հարուցվել է քրեական գործ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող այգու տարածքում սրճարան-ռեստորան կառուցապատելու գործընթացի առնչությամբ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումանսիրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքի օտարման և դրանում իրականացված կառուցապատման օրինականությունը: Ուսումնասիրության ամբողջականությունն ապահովելու նպատակով վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, Գավառի համայնքապետարանից, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Ուսումանսիրությամբ պարզվել է, որ 2011թ. և 2015թ. մանկատան 0.05 հա և 0.007հա տարածքները պայմանագրերով մեկ տարի ժամկետով վարձակալության են տրամադրվել քաղաքացի Լ. Հ.-ին՝ մանկական սրճարան կառուցելու համար:

Այդ նպատակով Գավառ քաղաքի համայնքապետի կողմից 09.07.2011թ. վարձակալին տրամադրվել է նոր կառուցվող օբյեկտի ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինթույլտվություն:

19.07.2013թ. Լ. Հ.-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որով որպես անշարժ գույքեր գրանցվել են 45.08 ք.մ. սրճարան, 10.41 ք.մ. և 4.87 ք.մ. պահեստներ, 61.66 ք.մ. և 40.8 ք.մ. ծածկեր՝ սեփականության իրավունքով, մինչդեռ ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցապատման իրավունքով կառուցված շինությունները չէին կարող հանդիսանալ Լ. Հ.-ի սեփականությունը:

Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ Գավառ քաղաքի համայնքապետի կողմից նույն վարձակալին 12.08.2019թ. տրվել է «Այգի» սրճարան-ռեստորան օբյեկտի վերահատակագծման, գոյություն ունեցող ծածկի ապակեպատման և նոր դահլիճի, խոհանոցի ու հովհարածածկի կառուցման շինթույլտվությունը՝ շինարարական աշխատանքները 168 օրում իրականացնելու պայմանով:

Լ. Հ.-ն 2020թ. ապրիլին դիմել է Գավառ համայնքի ղեկավարին՝ խնդրելով երկարաձգել 2019թ. տրված շինթույլտվության ժամկետը ավարտական աշխատնքների ձևակերպման և նախագծային փոփոխությունների համաձայնեցման համար: Պարզվել է, սակայն, որ դիմումը ներկայացնելու ժամանակ արդեն իսկ անցած է եղել շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարական աշխատանքների կատարման 168-օրյա ժամկետը: Մինչդեռ Գավառի համայնքապետը անտեսելով նշված փաստը, խախտելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 30.04.2020թ. տրամադրել է նոր շինթույլտվություն՝ աշխատանքների իրականացման ժամկետ սահմանելով 60 օր:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ Լ. Հ.-ին 10.07.2020թ. տրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ, սակայն 04.08.2020թ.-ին ՀՀ կադաստրի կողմից որոշում է կայացվել նշված հասցեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին, քանի որ շինության բնութագրում բոլոր շինությունների կառուցման տարեթիվը գրառված է 2013թ., մինչդեռ ավարտական ակտը տրվել է 2020թ.-ին: Առկա են առերևույթ տվյալներ, որ 2013թ. կատարված շինարարական աշխատանքները ներկայացվել են որպես 2020թ. կատարված և այդ պայմաններում տրամադրվել է շահագործման թույլտվություն, ավարտական ակտ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերևույթ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանով պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու հանցավոր արարքի հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել