Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մեղադրել է Իրանին արտերկրում իսրայելցիների դեմ ահաբեկչություններ նախապատրաստելու համար և խոստացել է հարձակվել ահաբեկիչներ ուղարկողների վրա։ Նման հայտարարություն է արել կառավարության ղեկավարը կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ներկայումս մենք տեսնում ենք, որ Իրանը փորձում է հարձակվել իսրայելցիների վրա աշխարհի տարբեր քաղաքներում: Անվտանգության ծառայությունները փորձում են կանխել նման հարձակումների փորձերը: Մենք կշարունակենք հարձակվել ահաբեկիչներ ուղարկողների վրա: Մեր նոր կանոնն է՝ «Ով ուղարկում է, նա վճարում է»»,- ասել է երկրի վարչապետը:
Նշենք, որ հունիսի 13-ին Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական մարմինը հայտնել էր, որ Ստամբուլում իսրայելցիների համար ահաբեկչության սպառնալիքի մակարդակը բարձրացրել է մինչև չորրորդ մակարդակ:
Ազգային անվտանգության խորհուրդը կոչ էր արել Ստամբուլում գտնվող իսրայելցիներին առաջին իսկ հնարավորության դեպքում լքել քաղաքը: Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը Ստամբուլում իսրայելցիների վրա Իրանի հարձակումների փորձերի ֆոնին քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Ստամբուլ և ընդհանրապես Թուրքիա թռիչքներից: