Ինչպե՞ս է ապահովվում զինծառայողների բժշկական օգնությունը

Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների` այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Բժշկական օգնության ապահովման իմաստով` զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`
1) 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.
2) ծնողները, ամուսինը.
3) զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչև 23 տարեկան ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել