Դատական ընդդատությունը նորմերի ամբողջություն է, որոնցով կարգավորվում է դատարանների իրավասության տարանջատումը, այսինքն սահմանվում է, թե այս կամ այն գործը որ դատարանին է ընդդատյա: Կան գործեր, որոնք ընդդատյա են բացառապես կոնկրետ դատարանների:
Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:
Ժառանգատուի պարտատերերի հայցերը հարուցվում են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարան:
Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցերը հարուցվում են այդ գույքի գտնվելու վայրի դատարան:
Բացառիկ ընդդատությունը չի կարող փոխվել կողմերի համաձայնությամբ: