Տ. Մ.-ն 2022 թվականի ապրիլի 1-ին տանը նկատել է, որ ամուսնու բջջային հեռախոսին «Տոտոգեյմինգ» բուքմեյքերական կայքից կարճ հաղորդագրություն է եկել, որից հետո սկսել է վիճաբանել վերջինիս հետ՝ առցանց եղանակով խաղամոլությամբ զբաղվելու հարցի շուրջ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Ամուսնուն մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ Տ. Մ.-ն խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին:
Հարվածների արդյունքում տղամարդը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում՝ ուղեկցված ձախ թոքի վնասմամբ, ձախակողմյան հեմոպնևմոթարաքսի ձևով:
Գործը դատարան է ստացվել 2022 թվականի հունիսի 15-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանին:
Տ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: