Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Քրեական նոր օրենսգրքում ծանր վիրավորանքի ապաքրեականացման թեմային։ Այս մասին Թաթոյանը գրում է․
«Քրեական նոր օրենսգրքում «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե Կառավարության մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ:
Նախ, Քրեական նոր օրենսգրքի աշխատանքային խումբն ինքը նախագծում այդ հոդվածը չէր ներառել ու չէր էլ ներառելու:
Առհասարակ երբ որպես Արդարադատության փոխնախարար` նախաձեռնեցի Քրեական այս նոր օրենսգրքի մշակումը, ստեղծեցինք աշխատանքային խումբ, որը համալրվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետներով։
Աշխատանքային խումբն ի սկզբանե ձևավորվեց այնպես, որ դուրս լինի քաղաքական ազդեցությունից և որ բացառվի քաղաքական շահերի համար Քրեական օրենքի փոփոխությունը:
Բայց, ինչպես տեսանք, «Ծանր վիրավորանքի» հոդվածի դեպքում իրավիճակը փոխվեց:
Այս հոդվածը գործող Քրեական օրենսգրքում ընդունվեց միայն քաղաքական որոշմամբ ու ընթացակարգային կոպիտ խախտումներով. այս կերպ Քրեական օրենսգիրքը ծառայեցվեց մեկ` «ՔՊ» կուսակցության քաղաքական շահերին:
Քանի որ կար քաղաքական որոշում, արհամարհվեցին Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններն առ այն, որ այս հոդվածն առավել մեծ խնդիներ է ստեղծելու. թեև վիրավորանքն ինձ համար բացարձակ դատապարտելի երևույթ է, բայց այն ունի պայքարի այլ մեթոդներ, որոնցից առաջինը պաշտոնյաների ատելության բառապաշարի դեմ պայքարն է: Անտեսվեց, որ այս հոդվածը սկզբունքային առումով է հակասում մեր միջազգային պարտավորություններին:
ԱԺ-ում քաղաքական այս սխալ որոշումն ԱԺ կառավարող խմբակցությունն ու Կառավարությունն արդարացրին հակասահմանադրական քննարկումներով:
Այս ամոթալի, բացարձակ դատապարտելի հոդվածի պատճառով հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին հակասահմանադրական քրեական հետապնդումների և իրավունքների անհիմն, խտրական սահմանափակումների` սկսած մարդկանց ազատությունից զրկելուց ու արդար դատաքննությունից մինչև խոսքի ազատություն ու մասնավոր կյանքի պաշպանություն:
Այս oրենքի պատճառով քաղաքացիներին հայհոյող ու վիրավորող իշխանության պաշտոնյաներն ու նրանց աջակիցները դարձան արտոնյալ:
Այս oրենքը պարզապես կրակը գցեց Ոստիկանությանը, որը դարձել էր և դեռ շարունակում է մնալ հերթական անհեռատես ու դատապարտելի քաղաքական որոշման զոհը:
Այն ոչ միայն լուրջ խոչընդոտներ առաջացրեց լրագրողների համար, այլ նաև խորացրեց լրագրողների նկատմամբ կարծրատիպերը:
Այս բոլոր խախտումները բացարձակ հիմնավոր տեղ էին գտել Սահմանադրական դատարանի իմ դիմումում:
Հանուն մեկ կուսակցության քաղաքական շահերի` առաջացրած այսքան խնդիրների ու մեր քաղաքացիներին պատճառված զրկանքների համար ուղիղ պատասխանատու է 3 հիմնական դերակատար`
1. ԱԺ-ում այս հոդվածն ամրագրած օրենքի հիմնական զեկուցողը.
2. Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, որը նաև օրենքի համազեկուցողն էր.
3. Սահմանադրական դատարանում այս հարցով իմ դիմումի գործով զեկուցող դատավորը (որոշումը կայացվել է 2022թ. ապրիլի 29-ին)»։