Երշիկեղենի շրջանառության հետ կապված երկու ընկերություն տուգանվել են 4 միլիոն դրամից ավելի գումարով․ ՄՊՀ

ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը մանրամասներ է ներկայացրել երշիկեղենի շրջանառության վերաբերյալ։

«Հաշվի առնելով ԶԼՄ-ների հարցումները և հանրային հետաքրքրությունը երշիկեղենի շրջանառության ոլորտում 2021 թվականին Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ՝ հարկ եմ համարում ներկայացնել որոշ լրացուցիչ տեղեկություններ՝

2021 թվականին երշիկեղենի շրջանառության ոլորտում Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում բացահայտված առերևույթ խնդիրների առիթով հարուցվել է թվով 12 վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հիմքերով։

Վարույթների շրջանակներում թվով 10 տնտեսավարող սուբյեկտ համագործակցել է Հանձնաժողովի հետ և սեղմ ժամկետներում ներկայացրել տվյալներ թույլ տված բացթողումները շտկելու վերաբերյալ։

Միաժամանակ «Ջրվեժ մսամթերքի կոմբինատ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք 4 207 268 ՀՀ դրամի չափով։

«Բարի Սամարացին» ՍՊ ընկերությունը գործի ընթացքում պահանջված տեղեկատվությունը չի տրամադրել (որի համար նշանակվել է տուգանք՝ 4 154 200 ՀՀ դրամի չափով), հետևաբար նշված հիմքով վարույթը կասեցվել է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել