Էրդողանը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը ներկա է եղել Էգեյան ծովի տարածաշրջանում այդ երկրի ԶՈՒ-երի կողմից անցկացվող մասշտաբային «EFES 2022» զորավարժությունների ցուցադրական օրվա գործողություններին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Էրդողանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով մի շարք հարցերի, որոնց թվում Սիրիայի հյուսիսում քրդական գործոնին և Հունաստանի հետ առկա լարվածությանը:

Սիրիայի վերաբերյալ նա նշել է, որ ԹՀ-ն երբեք թույլ չի տալու, որ իր սահմանին մոտ «ահաբեկչական միջանցքներ» ձևավորվեն: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անպայմանորեն ամբողջացնելու է Սիրիայի հյուսիսում ռազմագործողությունների արդյունքում ձվավորած այսպես կոչված անվտանգության գոտու այն հատվածները, որոնք կիսատ է թողել:

Անդրադառնալով Հունաստանի հետ հարաբերություններին՝ նա հայտարարել է, որ Էգեյան ծովում, Արևելյան Միջերակական ծովում և Կիպրոսում Թուրքիայի դեմ ռազմավարություն է կիրառվում, որը սպառնալիքներ է պարունակում միջազգային պայմանագրերով հաստատված ԹՀ իրավունքների և շահերի դեմ:

Այս համտեքստում Էրդողանն ընդգծել է. «Այս առիթով Հունաստանին մեկ անգամ էլ կոչ եմ անում  հրաժարվել ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումից, գործել միջազգային պայմանագրերին համապատասխան: Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում: Հատկապես այս ազգը վճռական է և, երբ մի բան ասում է, դրան հետամուտ է լինում»:

Նա սպառնացել է Հունաստանին՝ նշելով. «Հունաստանին զգուշացնում ենք, որ խելքը գլուխը հավաքի և հեռու մնա երազանքներից և գործողություններից, որոնք կավարտվեն հիասթափությամբ, ինչպես եղել է մեկ դար առաջ: Թուրքիան, ինչպես չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից, այնպես էլ չի խորշի/վարանի կիրառել իր իրավասությունները, որոնք կղզիների ռազմականացման հարցում միջազգային պայմանագրերով շնորհված են իրեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել