Փաստաբան Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստացանք և ուսումնասիրեցինք Գյումրիի գործով՝ խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին «դատավոր» Սմբատյանի «որոշումը»։
Ուրեմն՝ «դատարանը» գտել է, որ խոչընդոտելու ռիսկն ավելացել է, և դա կապել է մի իրադարձության հետ, որի ժամանակ տղաներն, արդեն իսկ կալանավորված էին։
Եթե առաջնորդվենք «դատարանի» «տրամաբանությամբ», ապա անհրաժեշտ է ավելի խիստ խափանման միջոց ընտրել։
Սենց, որ գնա, երևի, որոշում կկայացնի խցերում ձեռքերը և ոտքերը կապելու մասին»,- գրել է նա:
Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:
Նշենք, որ 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Մեղադրյալներից հինգը կալանավորվել են: