Վերջիններիս նպատակը շոու սարքելն էր` այդ թվում պատերազմի զոհերի նկարները գետնին շաղ տալով. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատգամավորական մանդատը տրվում է ժողովրդի շահերին ծառայելու համար, այլ ոչ թե փողոցային խուլիգանի նման պետական կառույցներ ներխուժելու, աշխատանքը խաթարելու ու առավել ևս պատերազմի զոհերի լուսանկարները գետնին շպրտելու համար:

Անշուշտ, փոքրիկ ցանկության դեպքում պատգամավորներին կտրվեր ցանկացած պետական պաշտոնյայի, այդ թվում նաև առողջապահության նախարարի հետ հանդիպման հնարավորություն: Սակայն ակնհայտ է, որ առողջապահության նախարարություն ներխուժած պատգամավորներին դա չէր հետաքրքրում, վերջիններիս նպատակը շոու սարքելն էր` այդ թվում պատերազմի զոհերի նկարները գետնին շաղ տալով:

Խուլիգանական պահվածք դրսևորած պատգամավորների պահվածքը պարսավանքի է արժանի, իսկ նրանց տեղը միանշանակ փողոցն է»,- գրել է նա:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Աննա Մկրտչյանի և Ասպրամ Կրպեյանի հետ գնացել էին Անահիտ Ավանեսյանին ասելու, որ «իրենք կրում են ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում հունիսի 3-ի դեպքերի ժամանակ ոստիկանների գործողություններն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, Ավանեսյանը ասել էր․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել