Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խուժանություն և ուրիշ ոչինչ:
Անցած երկու շաբաթների ընթացքում Ազգային ժողովում ներկա են եղել բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները՝ նախարարները և մարզպետները՝ որպես թե՛ հիմնական, թե՛ հարակից զեկուցողներ:
Աշխատանքային քննարկումներ էին՝ բյուջեի կատարողականի քննարկումը:
Ցանկացած նախարար հանդիպելու համար պետք էր ընդամենը նրբորեն իջեցնել դռան բռնակը և ոչ թե սողոսկրել երկաթյա անցակետով և պարզապես ցանկացած սուր հարց հղել նախարարին:
Բայց ինչպես ճշգրտորեն նկատել է նախկին նախարարը «Անբովանդակությունը սովորաբար քողարկվում է էպոտաժով»:
Հենց այս սկբունքը մանտրա դարձրած խմբակը մտավ նախարարություն և ոչ մի բովանդակություն ներկայացնելով՝ ապահովեց առնվազն օրվա հումորը»,- գրել է նա։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Աննա Մկրտչյանի և Ասպրամ Կրպեյանի հետ գնացել էին Անահիտ Ավանեսյանին ասելու, որ «իրենք կրում են ոստիկանների կողմից քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքների, հազարավոր զոհերի, նահատակների աճյունները այդ պայմաններում պահելու և իհարկե դավաճանական քաղաքականության պատասխանատվությունը, որովհետև այսքանից հետո հանդգնում է արդարացնել ոստիկանների ապօրինի ու անհամաչափ գործողությունները սեփական ժողովրդի նկատմամբ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում հունիսի 3-ի դեպքերի ժամանակ ոստիկանների գործողություններն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, Ավանեսյանը ասել էր․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։