ՀայՓոստը հունիսի 8-ին կազմակերպել է «Նոր Փոստի ծնունդը» միջոցառումը, որի ընթացքում ամփոփվել են վերջին շրջանում ընկերության իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, թվայնացման գործընթացը, ինչպես նաև հայտարարել է առաջիկայում գործարկվող էլեկտրոնային իրավահավաստի փոստ ծառայության մասին:
ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը փաստեց, որ արմատական փոփոխություններ են արվել սպասարկման որակը բարելավելու նպատակով: Նա նշեց, որ շուտով Աբովյան քաղաքում կգործի քաղաքացիական կենտրոն, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով 400-ից ավել պետական ծառայություններ կմատուցվեն:
«Հուլիսից մենք մեր հաճախորդներին տրամադրելու ենք հնարավորություն , որ նրանք իրենց նամակները ստանան իրենց հեռախոսի մեջ: Հենց այդ պահից ամբողջովին թվայնացված կլինի փոստի փոխանակման և փոստի ստացման և ուղարկման պրոցեսը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:
26 վերափոխված բաժանմունք Երևանում, 20 էլեկտրական եռանիվ մոտոցիկլետ, որոնց միջոցով ՀայՓոստն առաջիկայում էքսպրեսս ծառայություններ կմատուցի:
Նոր էլեկտրոնային դրամապանակը,որը ներբեռնելով` կարելի է առցանց դրամապանակային հաշիվ ունենալ եւ օգտագործել այն թոշակ ստանալու, ամենատարբեր առցանց վճարումներ անելու համար։«ԲերԲերը» առցանց առեւտրի եւ առաքման համակարգը, որի շնորհիվ բաժանորդները կարող են գնումներ կատարել և որը ոչնչով չի զիջում շուկայում գործող առաջատարներին և համ ու հոտով նոր հարթակը, որի նպատակն է հայկական արտադրանքը տարածել և է՛լ ավելի ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում: Հայփոստն օրեցօր ընդլայնում է իր ծառայությունները:
ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրենը կարևորեց նաև ֆենիքս և մետրիքս համակարգերի ներդրումը: Առաջինը թույլ է տալիս լավացնել, իսկ երկրորդը գնահատել ծառայությունների որակը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փաստեց, որ ՀայՓոստը հեռավոր գյուղերում շատ կարևոր օղակ է հանդիսանում պետական ծառայությունների հասանելիության բարձրացման տեսանկյունից:
«ՀայՓոստը լավ օրինակ է դարձել Հայաստանում բիզնեսի ավտոմատացման,օպտիմալացման, հետևողական փոփոխությունների համար»-նշեց Արշակյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանի ազգային փոստային կապի օպերատորը վերջին շրջանում կյանքի է կոչել նորարարական լուծումներով որակապես նոր փոստային ծառայություններ, որոնց նպատակն է հարմարավետ պայմաններ ստեղծել քաղաքացիների համար:
«Թվայնացումը, որ կատարել է ՀայՓոստը, հնարավորություն է տալիս հետ չմնալու աշխարհում կատարվող զարգացումներից և դառնալ դրա մի մասը»,-ասաց նախարարը:
Նախարարի խոսքով՝ ՀայՓոստը ժամանակակից և հուսալի կառույց է աշխարհ տարբեր անկյուններ նամակների և ապրանքների տեղափոխման համար: