2016 թ. ի վեր իրականացվել է համայնքների միավորման 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվել է 72 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, որով պարզ է դարձել, որ ծրագիրը հաջողել է:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Ուստի, վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է մի շարք մարզերում ձեւավորել համայնքային փնջեր:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 5 համայնք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Լոռու մարզի Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան:
Նախաձեռնությամբ ավագանին կկարողանա զբաղեցնել որեւէ պաշտոն աշխատակազմում եւ ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքի ավագանու անդամը գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով, եւ պետական հանրային պաշտոն զբաղեցնող անձանց օրինակով արգելելով վերջիններիս կատարել վճարովի այլ աշխատանք՝ նեղացվում է ավագանու անդամի պաշտոնին հավակնող անձանց քանակը, ինչը կհանգեցնի մասնագիտական ունակություններով օժտված ավագանու անդամների քանակի նվազեցմանը:
Օրենսդրական նախաձեռնությամբ համայնքներում վերացվելու է գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Համայնքի գլխավոր ճարտարապետի՝ կանոնանդրությամբ վերապահված որոշ լիազորությունների միանձնյա իրականացումը վերացնելով՝ հնարավորություն կընձեռնվի ճարտարապետների մասնագիտական խմբերին բազմակողմանիորեն եւ օբյեկտիվորեն քննարկել քաղաքաշինական ծրագրերն ու խնդիրները եւ տալ անհրաժեշտ ճարտարապետական լուծումներ:
Հստակեցվում է ավագանու խմբակցությունների գործավարների եւ փորձագետների թվաքանակը՝ կախված խմբացության ավագանու անդամների քանակից: Ըստ այդմ՝ մինչեւ 7 անդամ ունեցող խմբակցությունը կունենա մեկ գործավար, 7-ից ավելի անդամ ունեցող խմբակցությունը՝ մեկ գործավար եւ 1 փորձագետ:
Առաջարկվում է հստակեցնել նաեւ համայնքի ավագանու նիստը հրավիրելու եւ վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Գործող օրենքում այդ իրավասությունն ունեն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը: Սակայն, չի բացառվում, որ համայնքի ղեկավարի բացակայության ընթացքում առաջանա ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտություն, ուստի, ըստ առաջարկվող կարգավորման, նիստը կկարողանա վարել նաեւ համայնքի աշխատակազմի ղեկավարը:
Պատգամավորների կարծիքով՝ աշխատակազմի ղեկավարի՝ նիստը վարելու առաջարկը խնդրահարույց է: Վաչե Տերտերյանի խոսքով՝ հարցը կարելի է քննարկել եւ գտնել առավել նպատակահարմար լուծում:
Փոփոխություններն առաջարկվում է կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ կից փաթեթում: Հարցը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն: