Տղամարդն աշխատավայրում բռնաբարել է աշխատակցուհուն, հետո փորձել սպանել

Էդգար Ե․-ին մեղադրանք է առաջադրվել Ք․ Գ․-ին բռնաբարելու և նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։ Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ կատարած հանցանքները թաքցնելու նպատակով տղամարդը փորձել է սպանել աշխատակցուհուն, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով։

Դեպքը տեղի է ունեցել մոտ 2 ամիս առաջ։ Էդգար Ե․-ն ապրիլի 11-ին Ք․ Գ․-ին բռնաբարելու դիտավորությամբ մուտք է գործել վերջինիս աշխատանքի վայր՝ տաքսի ծառայության գրասենյակ, մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինս ընկել է սալիկապատ հատակին։ Դրանից հետո կնոջ պարանոցից բռնելով՝ քարշ տալով տարել է դեպի զուգարանի մոտ առկա միջանցք, մարմնական վնասվածքներ է հասցրել մարմնի տարբեր մասերին։

Այնուհետև Էդգար Ե․-ն վերջինիս ստիպել է հանել հագուստները, բռնություն գործադրելով Ք․ Գ․-ի նկատմամբ՝ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել։

Բացի այդ, վերոնշյալ հանցավոր արարքները կատարելուց հետո Էդգար Ե․-ն կնոջը հարցրել է՝ արդյո՞ք իր կատարածի համար չի դիմելու իրավապահ մարմիներին, ինչին վերջինս պատասխանել է, որ չի դիմելու, սակայն Էդգար Ե․-ն, այնուամենայնիվ չհավատալով նրա այդ խոստմանը, վերջինիս կողմից իր ինքնության մասին իրավապահ մարմիններին չհայտնելու, իր կատարած հանցանքները թաքցնելու նպատակով և վերջինիս դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու համար վերցրել է վերոնշյալ տաքսի ծառայության գրասենյակում առկա անվադողերի համար նախատեսված կապույտ գույնի պոլիէթիլենային տոպրակը և հագցրել կնոջ գլխին, որից հետո օդազրկելու համար այն ամուր սեղմել է նրա պարանոցին և փորձել այդ կերպ սպանել Ք․ Գ․-ին, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ վերջինս մի կերպ ձեռքերի, մատերով քաշել և իր դեմքի հատվածից պատռել է նշված տոպրակը, որի արդյունքում կարողացել է փրկվել։

Գործը դատարանում է և մակագրվել է դատավոր Հարություն Պետրոսյանին։ Առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել