Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցությունների բովանդակության չհամապատասխանող հայտարարություններ է անում. հայկական կողմը բանակցությունների ժամանակ քննարկած հարցերի մասին հրապարակային հայտարարում է։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը այն մասին, թե, իբր, Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու շուրջ։
«Այն, ինչ հայկական կողմը հրապարակային հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է գործընթացին։ Մենք այս հարցում փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել և հանրությանը տեղեկացնել նրա մասին, ինչ քննարկում ենք։ Մենք այլ բան չենք տեղեկացնում։ Բանակցությունները տեղի են ունենում նաև այն պատճառով, որ կան տարաձայնություններ։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է բանակցությունների միջոցով հաղթահարել այդ տարաձայնությունները»,- ասաց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը շեշտեց՝ բանակցությունները տեղի են ունենում Բրյուսելում և Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել։
«Ի դեպ, սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են հայտարարել, հենց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից հայտարարվել է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում։ Իհարկե, Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ ինչ բանակցում ենք, հրապարակայնացնում ենք։ Մեր գործընկերների կողմից հերքում չի եղել, ավելին՝ նրանք հաստատել են, որ քննարկվում է այն, ինչ մենք հրապարակել ենք»,- ավելացրեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ Հայաստանը շարունակում է կարևորել Արցախում ապրող հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։
«Մենք համոզված ենք, որ հենց իրավունքները և անվտանգությունն են որոշելու կարգավիճակը, շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Համոզված եմ, որ սա այն կարևոր ուղղությունն է, որի շուրջ աշխատելով, մենք արդյունքներ ենք ունենալու»,- եզրափակեց Գրիգորյանը։