Ծառայողական քննություններ են սկսվել ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ․ պատգամավոր

Թվով 47 ծառայողական քննություններ են սկսվել ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ, հարուցվել են 10 քրեական գործեր։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից պարզաբանում էի պահանջել հետևյալ հարցերի վերաբերյալ․

1․ Խաղաղ բողոքի ակցիաների և հանրահավաքների սկսման օրվանից մինչև այսօր անհամաչափ ուժ գործադրած ոստիկանները նույնականացվե՞լ են, թե՞ ոչ։

2․ Ոստիկանների գործողությունների կապակցությամբ ոստիկանության քանի՞ ծառայողի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել։

3․ Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարուցված ծառայողական քննություններն ի՞նչ փուլում են։

4․ Քաղաքացիների նկատմամբ ո՞ր ոստիկաններն են բռնություն գործադրել, և դրանց հիմքով քանի՞ քրեական գործ է հարցուցվել։

Մեկ այլ գրությամբ ոստիկանապետին տեղեկացրել էի, որ մայիսի 23-ին ոստիկանության ծառայողը իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացու հասցեին բացահայտ հայհոյանք էր հնչեցրել, և խնդրել էի դիտարկել ծառայողական քննություն նշանակելու մասին հարցը և ինձ տրամադրել տեղեկատվություն։

Եվ ահա ստացել եմ պատասխան գրություններ, ըստ որոնց քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ապրիլի 18-ից սկսած քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ, որոնցից 2-ի արդյունքները թողնվել են անհետևանք, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածը ընթացքի մեջ են։ Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել են թվով 10 քրեական գործեր։ Կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ կատարած ոստիկանական ծառայողների նույնականացումն և նրանց շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով։
Հետևողական եմ լինելու»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել