Դատարանը մերժել է «Նորավանքի» դիմումը. ՀՖՖ մեկնաբանությունը

Մայիսի 31-ին CAS-ը (Սպորտային արբիտրաժային դատարանարագացված կարգով քննության արդյունքում որոշել է մերժել «Նորավանք» ՍԱ դիմումը և ուժի մեջ թողնել ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի որոշումն առ այն, որ «Նորավանք» ՍԱ չի բավարարում 3-տարվա կանոնին և չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու 2022/23թթ մրցաշրջանի համար։

ՀՖՖ Արտոնագրման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տրամադրել է  մեկնաբանություն, որը պարզաբանում է հարցի ողջ էությունը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում 3-տարվա կանոնը

Համաձայն ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 12-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրին հավակնելու համար արտոնագրման գործընթացի մեկնարկի դրությամբ արտոնագրման թեկնածուի՝ ազգային ասոցիացիային անդամագրությունը կամ անուղղակի/ուղղակի պայմանագրային հարաբերությունները (եթե այդպիսիք առկա են) պետք է ունենան առնվազն երեք շարունակական տարվա վաղեմություն։ Միաժամանակ ՈՒԵՖԱ-ն սահմանում է նշված կանոնի բացառության սկզբունք, որի շնորհման իրավունքը պատկանում է միայն ՈՒԵՖԱ-ին և միայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված դեպքերում։

Անկախ ամեն ինչից՝ VBET Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչում հաղթելուց հետո ակումբը ցանկություն հայտնեց դիմել 3 տարվա բացառության կանոնին, հետևաբար, ՀՖՖ Արտոնագրման բաժինը քննության առավ ակումբի կողմից ներկայացված ֆինանսական չափանիշի փաստաթղթերը։ Հարկ է նշել, որ «Նորավանք» ՍԱ արտոնագրային փաթեթը և հատկապես ֆինանսական փաստաթղթերը ամբողջովին բավարարում էին ՈՒԵՖԱ-ի արտոնագրի համար սահմանված պահանջներին, սակայն ՀՖՖ-ն իրավասություն չուներ տրամադրելու արտոնագիր, քանի որ կար 3-տարվա կանոնի խոչընդոտը։

ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման բաժինը տեղեկացվել է ստեղծված իրավիճակի մասին, և վերջիններս խորհուրդ են տվել դիմել բացառության եզրափակիչում հաղթանակից հետո։

Մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց հետաձգել «Նորավանք» ՍԱ՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակումբը պատրաստվում է դիմել ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմնին (Club financial control body – CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն։

Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ի  Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը մերժեց «Նորավանք» ՍԱ դիմումը, իսկ ակումբը որոշեց Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում բողոքարկել ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը։

Պետք է շեշտել, որ չնայած Ակումբների արտոնագրման 2022/2023թթ․ մրցաշրջանի մեկնարկի պահին՝ 2021թ․ դեկտեմբերին, երբ ակումբների կողմից ընդունվել են արտոնագրման դիմումները, արդեն իսկ պարզ էր, որ Նորավանք ՍԱ-ն չի բավարարում ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված 3-տարվա կանոնին, և, հետևաբար, չէր կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրման թեկնածու և հանդես գալ 2022/23թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում, ՀՖՖ Արտոնագրման բաժինն իր կողմից արել է ամեն ինչ և ակումբին տրամադրել համապարփակ աջակցություն ողջ գործընթացի ընթացքում։

Այսպիսով, CAS-ի կողմից որոշման արդյունքում, Եվրոպական ակումբային մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն հետևյալ ակումբները՝

Փյունիկ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ

Արարատ-Արմենիա ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ

Ալաշկերտ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ

Արարատ ՖԱ – ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել