Հրդեհաշիջումն իրենից ներկայացնում է մարտական գործողություններ, որոնք ուղղված են մարդկանց, գույքը փրկելուն, ինչպես նաև հրդեհները վերացնելուն:
Հրդեհաշիջման ժամանակ հակահրդեհային ծառայության աշխատակիցները կարող են անցկացնել անհրաժեշտ գործողություններ` մարդկանց անվտանգությունն ապահովելու, գույքը փրկելու ուղղությամբ, այդ թվում`
ա) օրվա ցանկացած ժամին մուտք գործել կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքացիների բնակելի տներ ու այլ շինություններ, որտեղ տարածվել կամ կարող է տարածվել հրդեհը, անհրաժեշտության դեպքում` բացել փակ դռները ևպատուհանները ինչպես նաև պատնեշող կառույցները` մարդկանց փրկելու և հրդեհաշիջման նպատակով.
բ) ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի անցուդարձը փողոցներով ու ճանապարհներով, ինչպես նաև քաղաքացիների մուտքը տեղանքի առանձին հատվածներ կամ օբյեկտներ, պարտավորեցնել քաղաքացիներին լքելու հրդեհաշիջման և վթարային-փրկարարական աշխատանքների տեղամասը.
գ) հրդեհաշիջման և վթարային-փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ, ծառայողական նպատակներով, սահմանված կարգով անարգել օգտվել կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցներից (բացառությամբ հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների), ջրի աղբյուրներից` վնասների փոխհատուցման պայմանով.
դ) հրդեհի վայր մեկնելիս օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով երթևեկության փաստաթղթեր արտահերթ ձեռք բերելու և հյուրանոցում ծառայողական վկայականով տեղավորվելու իրավունքից:
Հրդեհաշիջման ղեկավարին ենթարկվում են հրդեհի վայրում գտնվող հրդեհային պահպանության բոլոր ուժերն ու միջոցները: Պաշտոնատար անձինք և քաղաքացիները չեն կարող միջամտել նրա գործողություններին կամ չկատարել հրդեհաշիջմանը վերաբերող նրա կարգադրությունները:
Հրդեհաշիջման ղեկավարի` իր իրավասության շրջանակներում ներկայացրած պահանջները պարտադիր են կատարման բոլոր այն պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար, որոնց դրանք ուղղված են: Ղեկավարն իրավասու է անել կատարման համար պարտադիր կարգադրություններ հրդեհի գոտում գտնվող օբյեկտների, առանձին արտադրությունների, տեղամասերի, ագրեգատների աշխատանքի դադարեցման և սարքավորումների անջատման վերաբերյալ, հրդեհաշիջումը կազմակերպելու նպատակով հրդեհված օբյեկտի պաշտոնատար անձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ վտանգավոր նյութերի առկայության և այլ առանձնահատկությունների վերաբերյալ:
Հրդեհաշիջման կազմակերպման և կատարման հիմնական դրույթները սահմանվում են հրդեհային պահպանության մարտական կանոնագրքով: