ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից։
Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ապահովել պարտադիր միջնակարգ կրթություն, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներով պայմանավորված:
Անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2022 թվականին ավելացել են՝ հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքը, նոր մասնագիտությունների ներդրումը և նրանց հետագա շարունակականության ապահովումը: Այսպիսով, միջին մասնագիտական կրթական ծրագրով առաջարկվել է հատկացնել 6114 տեղ, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով պահպանել նախորդ տարվա թիվը` 3312:
Որոշման նախագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը կհատկացվեն 55 ուսումնական հաստատության` 40 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 75 մասնագիտությամբ: Ընդունելության տեղերը հաստատվում են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:
Փաստաթղթի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաև ուսումնական հաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկներով պայմանավորված մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը՝ ըստ մասնագիտությունների:
Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում սոցիալական խնդիրներն առավել ակնհայտ են, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Նշենք, որ ներկայում մարզերի ուսանողների շուրջ 90%-ը սովորում է անվճար ուսուցման համակարգում:
Հավելենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու, ինչպես նաև ընդունելության կարգով առնվազն վճարովի համակարգի համար անցումային միավոր հավաքելու դեպքում առնվազն ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2022/2023 ուսումնական տարվա համար նախատեսվել է 277 պահուստային տեղ: Գործերի ընդունելության ավարտից հետո այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով ներդրվող նոր մասնագիտություններին, մասնավորապես, «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտություններին, ինչպես նաև ներդրվելու է «Զարդակիրառական նշանակության կաշվե գեղարվեստական իրերի պատրաստում» նոր մասնագիտությունը: Միջին մասնագիտական կրթական ծրագրով նախատեսվում է տրամադրել «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ, «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ և «Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա» մասնագիտությանը՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» որակավորմամբ: Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 20 ուսումնական հաստատություններում:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 10-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։