Պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքեր. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր:

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ. Ս.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ հիշյալ ընկերության վարորդների կողմից թույլ տրված խախտումների փաստերը չարձանագրելու համար ամսական 20.000-ական ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ռ. Ս.-ն վարորդներից հավաքագրել է որոշակի չափով գումարներ և Ն. Բ.-ի պահանջով յուրաքանչյուր ամիս 20.000 ՀՀ դրամ տվել վերջինիս որպես կաշառք:

Բացի այդ, Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երկու վարորդների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Ռ. Ս.-ից պահանջել և երկու դեպքում ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամի կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերության և ընկերության վարորդ Ա. Տ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց նրանից ևս պահանջել և 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Այնուհետև, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է սահմանված կարգի խախտմամբ՝ դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով, խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2021-2022թթ. ընթացքում ստացել է 40.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Վանաձոր քաղաքում ներհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերության և նույն երթուղում շահագործվող երկու տրանսպորտային միջոցների սեփականատերեր Ա. Մ.-ի և Ն. Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ հիշյալ տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում արդեն իսկ հայտնաբերված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև հետագա ստուգումների ընթացքում հնարավոր խախտումները չարձանագրելու համար Ն. Բ.-ն Ա. Մ.-ից 2021 թ. ընթացքում ստացել է 90.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նկարագրված հանցավոր արարքներից բացի, բացահայտվել է նաև Ն. Բ.-ի կողմից խարդախություն կատարելու դեպք: Բավարար ապացույցներ են ձեռք բերել նաև հիշյալ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Ն. Բ.-ն չի արձանագրել վարորդներ Ա. Տ.-ի և Հ. Ս.-ի թույլ տված խախտումները` դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելու փաստը` հիշյալ վարորդներին այդ կերպ զերծ պահելով 200.000-ական, ընդհանուր` 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկվելուց:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /5 դրվագ/, 178-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ռ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ և 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարորդներ Ա. Տ.-ին, Ա. Մ.-ին և Հ. Ս.-ին` 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել