Երևանի ավագանին մայիսի 24-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Երևանում Արտաշես Քալանթարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է․
Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 16-ին, Երևան քաղաքում:
1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ական թվականներից մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր:
Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Նա մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով: Նրա գրքին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, հրապարակախոսական հոդվածներ, պատմվածքներ: Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:
Արտաշես Քալանթարյանը մահացել է 1991 թվականին:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման 17-րդ կետը՝ առաջարկվում Երևան քաղաքի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն անվանակոչել արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անվամբ՝ «Արտաշես Քալանթարյան փողոց»։