Փաստաբան Միհրան Պողոսյանը կեսգիշերին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեսակցել է Իգոր Խաչատուրովին։
«Քիչ առաջ տեսակցում էի սուտ ցուցմունքի հիման վրա, արտակարգ դատարանի կողմից և առանց որոշման կալանավորված Իգոր Խաչատուրովին։
Հիշեցնեմ, որ Իգորին կալանավորել են ոստիկանության տեսուչի ակնհայտ մտացածին ցուցմունքի հիման վրա, ինչի փուչիկ լինելը հաստատվում է բազմաթիվ տեսանյութերով։
Նշեմ, որ այս «ցուցմունք» հնարողները, դրանք տեսուչին հրամցնող պետերը, կալանք նախաձեռնողները ու տվողները, այս ամենի հետ առնչվածները արդեն իսկ բացահայտվել են ու հերթով անդրադառնալու եմ բոլորին»։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ով քաղաքացի Իգոր Յուրիի Խաչատուրովն է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի.Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Հավելենք, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: