Մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա ս. թ. մայիսի 22-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, ս. թ. մայիսի 23-ին ժամը 13:00-ին:
Կենսագրություն
Ծնվել է 1935 թվականի հունվարի 1-ին Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում:
Բնունիսի յոթնամյա դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, 1949 թ. ընդունվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումի հողաշինարարական բաժին, գերազանցության դիպլոմով ավարտել 1954 թ.: Նույն թվականին ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի Հիդրոմելիորատիվ ֆակուլտետ, ավարտել 1959 թվականին` ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտություն:
1997թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:
1959 թ. աշխատանքի է ընդունվել Երևան քաղաքի նախկին Լենինյան շրջանի թիվ 2 բնակարանային շահագործման գրասենյակում՝ որպես ինժեներ, նույն թվականին նշանակվել է բնակարանային տնտեսության վարչության գլխավոր ինժեներ:
1963 թ. նշանակվել է կոմունալ վարչության պետ, գործկոմի նախագահի տեղակալ:
Ընտրվել է նախկին Լենինյան շրջգործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1971 թվականին ղեկավարել է կրթության և կապիտալ շինարարության, ջրամատակարարման, ջերմամատակարարման աշխատանքները:
1974 թվականին ընտրվել է նախկին Լենինյան շրջանի գործադիր կոմիտեի նախագահ, 1976-1986թ.թ.` Երևանի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ:
1986-1990 թթ. եղել Հայաստանի Հանրապետության Ջրային տնտեսության և մելիորացիայի նախարար:
Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության և մելիորացիայի մինիստրությունը Գյուղատնտեսության մինիստրությանը միանալուց հետո, 1990 թ. նոյեմբերից մինչև 1991 թ. հունվար ամիս աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ, 1991 թ. հունվարից մինչև 1992 թ. վերջ` գյուղնախարար:
1992-1995 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի տեղակալ:
1995-1997թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:
1997-2000 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բարեփոխումների և սպասարկման գլխավոր վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական, կոլեգիայի անդամ:
2000-2001 թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ:
2001-2018 թ.թ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:
2018-ից առ այսօր աշխատում է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահ և ընկերության ընդհանուր ծրագրերի ղեկավար:
Այլ գործունեություն
1976-1991 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի անընդմեջ 3 նստաշրջանների պատգամավոր:
1994-1996 թթ. ՝ Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի ղեկավար, խորհրդի նախագահ:
1996-1998 թթ.՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրի մշակման ենթախմբի ղեկավար:
2000-2001 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Ջրային ռեսուրսների կառավարման Համապարփակ ծրագրի մշակման տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի նախագահ:
2000-2001 թթ.՝ Ջրային ռեսուրսների կառավարման Համապարփակ Ծրագրի խորհրդատվական խորհրդի նախագահ:
2000-2001 թթ.՝ Մատաղ սերնդի էկոլոգիական իրազեկության բարձրացման ծրագրի ղեկավար:
ՀՀ Վարչապետի որոշումով ստեղծված «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական մշտական գործող հանձնաժողովի անդամ:
2008-2018՝ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2009-2018 թթ.՝ ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ
Մի շարք հոդվածների և գիտական աշխատությունների հեղինակ է:
Պարգևներ
1981 թ. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:
2008 թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով:
2016 թ. Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել եմ 1-ին աստիճանի մեդալով:
2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ: