Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և տիկին Անահիտ Մինասյանը դիմավորել և ողջունել են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային և տիկին Դիանա Նաուսեդիենեին:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լիտվայի պետական օրհներգերը։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Հայաստանի նախագահը ողջունելով հյուրերին նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ ընդունել նախագահական նստավայրում: Ձեր պաշտոնական այցը իսկապես կարևոր է մեր պետության համար: Սա նաև լավ հնարավորություն է, որ մենք միմյանց անձամբ ճանաչենք և, որ ամենակարևորն է՝ մեր երկրները ներկայացնենք և ուղիներ գտնենք եղած ներուժն օգտագործել՝ մեր բարեկամական դարավոր կապերն ամրապնդելու և զարգացնելու համար:
Համոզված եղեք, որ Լիտվան մեր երկրի, մեր քաղաքացիների շրջանում համարվում է իսկապես բարեկամական երկիր: Մենք ձեր անցած ճանապարհը, ձեր պատմությունը շատ լավ գիտենք, և այդ պատմության մեջ մենք շատ նմանություններ ունենք: Լինելով փոքր երկրներ, մենք միշտ պայքարել ենք մեր անկախության, ազատության համար: Դա մեր ժողովուրդների գլխավոր նպատակն է եղել, և մենք հասել ենք մեր նպատակներին, և այսօր հնարավորություն ունենք՝ որպես անկախ պետություններ կերտել մեր ապագան:
Մենք պետք է նայենք դեպի ապագա: Համոզված եմ, որ ձեր այցը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին»:
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Սա իմ առաջին այցն է Ձեր գեղեցիկ երկիր, և շատ լավ հնարավորություն է Ձեզ հրավիրել Վիլնյուս այս տարի: Ինչպես նշեցիք, տարիների ընթացքում Հայաստանը մի շարք ձեռքբերումներ է ունեցել և կցանկանայի նաև ներկայացնել իմ երկրի ձեռքբերումները: Իմ գլխավորած պատվիրակության այցի նպատակն է ամրապնդել մեր հարաբերությունները, փորձել միմյանց ավելի լավ հասկանալ»:
Լիտվայի նախագահը նշել է նաև, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շատ կարևոր է երկխոսությունը ու փոխըմբռնման մթնոլորտի ձևավորումը:
«Ինչպես գիտեք նախքան այստեղ գալս եղել եմ նաև Ադրբեջանում: Այնտեղ փորձել ենք հասկանալ իրենց դիրքորոշումը, այստեղ արդեն փորձում ենք հասկանալ ձեր մոտեցումներն ու դիրքորոշումը: Երկխոսությունն ու փոխըմբռնումը շատ կարևոր է, քանի որ առաջ շարժվելու այլ ճանապարհ չկա»:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ հեռանկարային կարող է լինել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում:
Գոհունակությամբ արձանագրվել է Վիլյնուս-Երևան ուղիղ թռիչքների առկայության փաստը, որը նպաստում է երկու երկրների ժողովուրդների շփումների ակտիվացմանը և գործարար կապերի հաստատմանը: