Հասարակության շրջանում պարբերական հարցումներ պետք է իրականացվեն կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված է կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում։

Ռազմավարության մեջ նշվում է, որ կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացման մեթոդաբանություն մշակման համար  պետք է ներգրավվի միջազգային փորձագետ։

«Հարցումների կազմակերպման և իրականացման համար ակտիվորեն կներգրավվեն տեղական փորձագետներ։ Յուրաքանչյուր հարցման համար ենթադրական ընտրանքը կկազմվի մոտ 300 քաղաքացուց։ Նախատեսված են հարցաթերթիկների տպագրության ծախսեր, թեև կախված մեթոդաբանության մշակման ընթացքում սպասվելիք միջոցների ընտրությունից (օրինակ՝ էլեկտրոնային եղանակներով), հնարավոր է, որ այս ծախսերը խնայվեն։ Առաջարկվում է կազմակերպել դասընթացներ հարցման իրականացմանը ներգրավված թիմի համար, ինչը կօգնի չշեղվել նախանշված մեթոդաբանությունից։ Ենթադրվում է, որ հարցումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կլինի ապահովել տեխնիկական բազա՝ սարքավորումներ և ծրագրային ապահովում։

Կիրառված մեթոդաբանության և ենթադրությունների, ամփոփված տեղեկությունների, կատարված հաշվարկների, առաջարկությունների և կանխատեսումների հիման վրա սույն տիրույթի միջոցառումների ֆինանսավորման ընդհանուր ծավալը գնահատվում է 34,997.3 հազար դրամ»,-ասված է ռազմավարության մեջ։

Հարկ է նշել, որ հանրության շրջանում նման հարցումների անցկացման կամ դրանց արդյունքների հանրայնացման վերաբերյալ պարբերական հրապարակումներ չեն կատարվել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել