Հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով մայիսի 11-ին տեղի է ունեցել առցանց քննարկում՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակմանը»՝ հանրային բարեվարքության և պետական գնումների ոլորտի վերաբերյալ։
Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն ԲԿԳ 5-րդ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ներից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչ Նարինե Ավետիսյանն առցանց հանդիպման ժամանակ նշեց, որ Արդարադատության նախարարության հետ մշակվել է պաշտոնատար անձանց կողմից նվերների ընդունման արգելքի վերաբերյալ հայեցակարգ, որը հանրային ծառայության ոլորտում բարեփոխումների իրականացման ծրագրերից մեկն է։
«Գաղափարը հանրային ծառայողների կողմից նվերների ընդունման արգելքի միասնական քաղաքականության մշակումն էր և ոլորտի նկատմամբ ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնելու խնդիրը»,-նշեց ԿԿՀ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ ոլորտը ամբողջությամբ կարգավորված չէ, այդ պատճառով էլ հանձնաժողովը սկսեց մշակել նվերների ընդունման արգելքի վերաբերյալ հայեցակարգը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանն իր խոսքում նշեց, թե տպավորությունն այնպիսին է, որ սիմվոլիկ փաստաթուղթ է մշակվել և այն գործնականում չի բերելու այն նպատակին, ինչի համար ստեղծվել է։ Նրա խոսքով՝ այդ դեպքում ուսանելի է մի քանի երկրների փորձը, օրինակ՝ Ավստրալիայինը, Մեծ Բրիտանիայինը և Արգենտինայինը։
«Կարևոր են նաև ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ կարգավորումները․ որպես այդպիսին՝ սահմանված ստանդարտներ չկան։ ԶԼՄ-ների հրապարակումներից տեղեկանում ենք, որ այս կամ այն պաշտոնատար անձը բարձր արժողությամբ կոնյակ կամ հուշանվերներ է նվիրել ներկայացուցչական հանդիպումների, այցերի շրջանակներում։ Գտնում ենք, որ որոշակի նորմատիվներ և ստանդարտներ պետք է մշակվեն»,-նշեց Սյուզաննա Սողոմոնյանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող/ՀՀ կոնտակտային անձ Լիլիա Աֆրիկյանի խոսքով՝ կարևոր է ինչպես նվերների ռեեստրի ստեղծումը, այնպես էլ բարեվարքության համակագի ստեղծումը։
«Պատերազմը և COVID-ը ցույց տվեցին, որ գործող համակարգերը բավարար չեն, բավականին մեծ բացթողումներ կան։ Սակայն այս ճգնաժամը ևս մեկ հնարավորություն է՝ բարելավում անելու համար։ Հայաստանը ճգնաժամային իրավիճակում է և կարողությունների զարգացումը կարևոր է»,-նշեց Աֆրիկյանը։
Փորձագետ Մարիամ Զադոյանը կարևորեց ծրագրի շրջանակներում հետադարձ կապի մեխանիզմների ստեղծումը՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով աշխատել գնումների տվյալների հետ, օրինակ՝ աուդիտ, ռիսկերի ցուցանիշների «կարմիր դրոշակների» կամ թեժ գծեր: Բացի այդ՝ կարևոր է քաղաքացիների հետ համագործակցությունը՝ ուղղված գենդերազգայուն պետական գնումների քաղաքականությունների մշակմանը։
«Պետք է անցկացվեն շահագրգիռ կողմերի հատկորոշում և խորհրդակցություններ՝ նախքան պայմանագրային հարթակի ստեղծումը, որպեսզի հասկանանք օգտատերերի պահանջները: Պետք է լինի բաց պայմանագրային բարեփոխումների թիրախավորում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են արդյունահանումը և առողջապահությունը: Բացի այդ՝ հավաստիացում, որ տվյալները բաց են, օգտագործելի և ամբողջական՝ համաձայն ստանդարտների ուղեցույցների»,-նշում է Մարիամ Զադոյանը։
Քննարկման մասնակիցները պայմանավորվածություններ ձեռք բերեցին՝ հետագա աշխատանքի հետ կապված։