Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ  100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ից ստացված փաստաթղթերի և տեղեկատվության, 2021թ. հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նշված ՓԲԸ-ում կատարված  ստուգման արդունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է նշված ՓԲԸ-ում առանձին շինարարական, շինմոնտաժային և վերանորոգման և այլ պայմանագրային պարտավորությունների կատարման՝ օրենդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վիճակը: Արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցավոր չարաշահումներ:

Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի և N ՍՊԸ-ի միջև 20.09.2012թ. կնքված 832.026.000 ՀՀ դրամի կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագրի հիմքով իրականացվել են «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքի, կաթսայատան-պոմպակայանի և էլեկտրական ենթակայանի շենքերի արտաքին կոնստրուկցիանների շինմոնտաժային, տանիքների, արտաքին պատերի երեսպատման, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ:

Ընտրանքային շինարարական աշխատանքների հսկիչ չափագրումներով, սակայն, հայտնաբերվել են նշված աշխատանքների վրաբերյալ հանձնման-ընդունման արձանագրություններով հաստատված և վճարված, սակայն փաստացի չկատարված ընդհանուր 3.7մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարով աշխատանքներ:

Բացի այդ, 2012թ. կնքված համաձայնագրով պայմանագրի գինը փոփոխվել և կազմել է 791.196.400 ՀՀ դրամ, 2013թ. կնքված այլ համաձայնագրով՝ այն փոփոխվել և կազմել է 872.590.300 ՀՀ դրամ:

Իսկ 24.03.2014թ. ընկերության և նույն ՍՊԸ-ի միջև կնքված 1.042.413.200 ՀՀ դրամի կապալի այլ պայմանագրով ՍՊԸ-ն  պարտավորվել է կատարել «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի տեղակայման շենքի ներքին հարդարման, արտաքին և ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռքբերման, տեղակայման, կարգաբերման աշխատանքները:

Ինչպես 20.09.2012թ., այնպես էլ 24.03.2014թ. կնքած կապալի աշխատանքների գնման պայմանագրերի կատարման ժամկետները հընթացս կնքված մի քանի համաձայնագրերով շարունակաբար փոփոխվել են և վերջնաժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2015թ. դեկտեմբերի 30-ը և 31-ը, ինչով խախտվել են ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-Ն որոշման՝ պայմանագրով նախատեսված ժամկետների և պայմանների փոփոխման համար նախխատեսվող սահմանափակումների վերաբերյալ պահանջները:

Համաձայն այդ պայմանագրերի՝ «Աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառուից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձվում է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ չկատարված աշխատանքների գնի 0.05 տոկոսի չափով:

Պարզվել է, սակայն, որ պայմանագրերից մեկի դեպքում 181.080.200 դրամի, իսկ մյուսի դեպքում՝ 488.046.400 դրամի աշխատանքները կատարվել են նախատեսված վերջնաժամկետներից հետո, և յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձման ենթակա տույժերը՝ ընդհանուր 64.819.400 ՀՀ դրամի չափով, չեն հաշվարկվել և չեն գանձվել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող ուրիշի գույքը հափշտակելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու` ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործությունների առերևույթ հատկանիշների վերաբերյալ տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել