Ճանապարհատրանսպորտային ամեն մի պատահարի քննության արդյունքում որոշվում է դրա պատճառը։ Զոհերով և վիրավորներով պատահարների հիմնական պատճառներից մեկը շարունակում են մնալ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը և արագության գերազանցումը։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը պարբերաբար կազմակերպում են ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու միջոցառումներ, որոնց արդյունքը ամենշաբաթյա պարբերականությամբ ներկայացվում է հանրությանը։
Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածը վերաբերում է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելուն։
Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելն առաջացնում է տուգանքի նշանակում 150 հազար դրամի չափով։ Իսկ եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե վարորդի մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը, ապա վարորդը 1 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարորդը խուսափում է սթափության վիճակը ստուգելու զննություն անցնելուց, ապա նա 2 տարի ժամկետով զրկվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Եթե վարելու իրավունքից զրկված անձը մեքենա վարի դարձյալ ոչ սթափ վիճակում կամ հրաժարվի սթափության վիճակը ստուգելու զննություն անցնելուց, ապա ենթարկվում է արդեն քրեական պատասխանատվության։
Վարչաիրավական ու քրաիրավական հարկադրանքի միջոցները չարիքի դեմ պայքարելու գործիք են միայն, սակայն փորձը ցույց է տալիս, որ վարորդների մի մասը տուգանվելուց հետո էլ շարունակում է ալկոհոլ օգտագործած մեքենա վարել:
Հարգելի՛ վարորդներ, ոչ սթափ վիճակում մեքենա մի՛ վարեք, մի՛ գերազանցեք սահմանված թույլատրելի արագությունը, վտանգի տակ մի՛ դրեք ձեր, ձեր ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։ Այդ սխալը կարող է ձեր ամենաթանկ մարդկանց կյանքն արժենալ։ Ցավոք, շատերը սա գիտակցում են դժբախտությունից հետո միայն։