Ի՞նչ է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և ո՞ւմ է այն տրվում

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթն է: Այն նաև հիմք է փախստականի կողմից Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենքով սահմանված իրավունքներից ու ազատություններից օգտվելու համար:

Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին, անվճար տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Մինչև 16 տարեկան փախստականի տվյալներն ընդգրկվում են ծնողների կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված մինչև 16 տարեկան անչափահաս փախստականներին տրամադրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում:

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վավերական է երկու տարի, որից հետո փախստականի դիմումի հիման վրա Ոստիկանությունը յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս երկու տարով: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցնում է վավերականությունը ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը կարգով չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում կայացնելուց մեկ շաբաթ հետո:

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի, փչացման կամ գողանալու դեպքում Ոստիկանությունն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին և գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո, փախստականին տրամադրում է նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` նախորդ փաստաթղթի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը փախստականին տրամադրում է նրա փախստական լինելու, իսկ Ոստիկանությունը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Կոնվենցիայի հավելվածին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել