Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան`
Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։
Ծնվել է 1979թ-ի սեպտեմբերի 18-ին ք․ Կիրովականում։
1986-1996թթ. սովորել է Ա.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում:
1986-1996թթ. սովորել է Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնում:
2000թ․ զբաղվել է հասարակական գործունեությամբ:
2012թ․ Վանաձոր համայնքի ավագանու անդամ:
2017թ․ Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ:
Ամուսնացած է ունի 3 երեխա:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
- «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ,
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ,
- «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,
- «Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:
Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ: